Ջրհեղեղից տուժած Ալավերդիում քանդման ենթակա շենքի առաջին հարկերում գոհ, վերևներում՝ դժգոհ են կառավարության փոխհատուցումից։
«Ափսոսում եմ՝ ես մեր տանից դուրս գամ, լավ տները թողնեմ, գնամ ուրիշի պուճուր սենյակների մեջ ապրե՞մ», - «Ազատության» հետ զրույցում դժգոհեց տուժած բնակիչներից մեկը։
Մայիսյան ջրհեղեղից հետո անկախ փորձագիտական կենտրոնն է ստուգել ու եզրակացրել, որ «շենքը 4-րդ կարգի վթարային է, շահագործումը խիստ ռիսկային է, և, որ ենթակա է ապամոնտաժման»։
Միևնույնն է, շենքի բնակիչները չեն համաձայնում իրենց համար անընդունելի պայմաններով լքել տները։
«Թող մեզ համար բնակարան առնեն, վերանորոգման փողն էլ տան, գնանք մենքմեր տները վերանորոգենք», - ասաց բնակիչներից մեկը։
Մեկ այլ բնակիչ էլ հավելեց․ - «Ես ոչ փողի գին եմ ասել, ոչ էլ փող եմ ուզում։ Ոչ մի բան չեմ ուզում, գան մեր շենքն ամրացնեն, գնանք մեր տներում ապրենք»։
Կառավարությունը դեռ երկու ամիս առաջ որոշել էր՝ շենքի 16 տների դիմաց այդ պահի կադաստրային միջին արժեքով գին կորոշեն ու բնակարանների գնման վկայագրեր կտան սեփականատերերին։ Արդյունքում գործադիրը տների յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց 63 հազար 400 դրամ է սահմանել։ Երկրորդ ու երրորդ հարկերում այս թիվը բոլորովին խելքին մոտ չեն համարում։
«Թող մետր քառակուսին 180-ով հաշվի գումարած տան իմ վերանորոգման ու իմ գույքի փեողը, ես էլ դուրս կգամ, արդեն մենք էլ ենք էս ամեն ինչից զզվել։ Թող շուկայականով հաշվեն, ոչ թե կադաստրայինով», - ասացին բնակիչները։
Հարյուր տարեկան այս շենքը երկաթուղայինների երբեմնի հանրակացարանն է։ Դեռ Սպիտակի երկրաշարժից հետո բնակիչներին ասել են՝ վթարային է։ Բայց միայն այդքանը։ Պետությունը երեք տասնամյակում որևէ բան չի ձեռնարկել բնակիչներին տարհանելու, շենքն ամրացնելու կամ քանդելու ուղղությամբ։ Դրա փոխարեն նախկին հանրակացարանի սենյակները սեփականության իրավունքով տվել են բնակիչներին։
Պետությունից հույսները կտրած սեփականատերերն իրենց ուժերով վերանորոգել են դրանք՝ որը նոր սանհանգույց է սարքել, որն էլ տունն ամբողջությամբ ձևափոխել ու հարմարավետ է դարձրել։ Շատերը հենց վերջին մեկ-երկու տարում են նորոգել, ու վթարային շենքում մեծ ծախսեր անող բնակիչների ձեռքը երբեք բռնող չի եղել։
Առաջին հարկի հեղեղված 4 բնակարանները դեռ անբնակ են։ Դրանք ջրհեղեղից առաջ էլ հիմնականում անբարեկարգ ու լքված են եղել։ Մինչդեռ վերևի երկու հարկերում մարդիկ անելանելի վիճակում են. պնդում են՝ կառավարության խոստացած գումարով, անգամ, իրենց արած վերանորոգման ծախսերը չեն փակի։
Ըստ գործադիրի որոշման՝ Ալավերդու Սանահին կայարան թաղամասի վթարային համարված շենքի 16 սեփականատերերը պետք է դիմեն մարզպետի աշխատակազմ, երկու ամսվա ընթացքում ստանան բնակարանների գնման վկայագիրն ու մինչև հաջորդ տարվա հուլիս գնեն բնակարանը, հակառակ դեպքում կզրկվեն փոխհատուցման հնարավորությունից էլ, հետագա պահանջներից էլ։
Մարզպետարանից «Ազատության»-ն ասացին՝ այսօրվա դրությամբ, 16 տներից միայն 3-ի համար են դիմումներ ստացել։ Մյուսները պայքարում են։ Տարածքային կառավարման նախարարությունից էլ ասացին՝ դեռ քննարկում են բնակիչների բողոքը։