Մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչության տեղահանությունը էթնիկ զտման քաղաքականության վերջին փուլն էր, այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը՝ նշելով՝ ավելի քան 115 000 հայ, մի քանի օրվա ընթացքում ստիպված եղավ լքել սեփական բնակավայրերը։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ավելի քան 200 մարդ զոհվեց, նրանցից 181-ը՝ զինծառայող, 15 հոգի անհետ կորած է համարվում։ Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում՝ նրանցից 8 -ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է։
Հիշեցնելով, որ այս ամենը տեղի ունեցավ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում, երբ ողջ միջազգային հանրությունը հերթական անգամ քննարկում էր հակամարտությունների խաղաղ կարգավորման, կայունության հաստատման ու զարգացման հրամայականը՝ դատապարտելով ուժի կիրառման, միջազգային նորմերի, մարդու իրավունքների խախտումների դրսևորումներն աշխարհի տարբեր անկյուններում՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ընդգծել է՝ հաջորդ շաբաթ Նյու Յորքում կրկին մեկնարկելու են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան քննարկումները։
Արտգործնախարարությունը շեշտում է՝ վերջին մեկ տարվա իրադարձություններն ի ցույց են դնում միջազգային կայունության ապահովման ուղղությամբ անհետաձգելի ջանքերի, խաղաղության հաստատման հնարավորություն տվող գաղափարների, քայլերի կյանքի կոչման կարևորությունը։
Պաշտոնական Երևանը վերահաստատում է՝ Հարավային Կովկասում կայունության ապահովման հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը՝ խաղաղության և հարաբերությունների շուտափույթ հաստատում՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման, տարածաշրջանում կայուն զարգացման, արդյունավետ փոխկապակցվածության, բարեկեցության ապահովման տեսլականի վրա։
Հայաստանը շահագրգիռ մյուս դերակատարներից ակնկալում է անհրաժեշտ քաղաքական կամքի և խաղաղության օրակարգին հանձնառության հստակ դրսևորում։