Թե՛ Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը և թե՛ նախկին նախագահ, նախագահության հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը վստահ են՝ անցած գիշեր Ֆիլադելֆիայում կայացած նախընտրական դեբատների հաղթողը հենց իրենք են։
«Սա իմ լավագույն բանավեճն էր», - դեբատներից անմիջապես հետո հայտարարում էր Թրամփը։ Շարքային ամերիկացիները, սակայն, կարծես փոքր-ինչ այլ տեսակետ ունեն։
Բանավեճից անմիջապես հետո, CNN-ի կողմից անցկացված առաջին հարցումը վկայում է՝ բանավեճի ընթացքին հետևած ամերիկացիների ճնշող մեծամասնության համոզմամբ, դեբատների հաղթողը դեմոկրատ Հարիսն էր։
Հարցվածների 63 տոկոսը նշել է, որ դրանց ընթացքում Քամալա Հարիսն անհամեմատ ավելի համոզիչ ու վստահ տպավորություն էր թողնում քան Դոնալդ Թրամփը։
Բանավեճի ընթացքում քննարկված առանցքային թեմաներից մեկը Ուկրաինայում շարունակվող պատերազմն էր։ Այն, ըստ Դոնալդ Թրամփի, Բայդենի վարչակազմի և անձամբ Քամալա Հարիսի դիվանագիտական ձախողման հետևանք է։
«[Սպիտակ տունը] Հարիսին պատերազմից առաջ ուղարկեց [Ուկրաինա] խաղաղության շուրջ բանակցելու։ Նրա այցից երեք օր հետո պատերազմ սկսվեց, որովհետև այն ամենն, ինչ ասում էին նրանք, թուլության և հիմարության նշան էր։ Դա նրա «տաղանդների» վկայությունն է», - հայտարարում էր Թրամփը։
Հարիսն իր հերթին, հակադարձելով Թրամփին, պնդում էր, թե իր մրցակցի համար ժողովրդավարական արժեքներն ու Միացյալ Նահանգների ստանձնած դաշնակցային պարտավորությունները զրոյական արժեք ունեն։
«Այն դաշինքները, որ մենք ձևավորել ենք ողջ աշխարհով մեկ, կախված են դաշնակիցներին պաշտպանելու, այլ ոչ թե դրա փոխարեն թշնամիներին նախապատվություն տալու մեր կարողությունից։ Դուք, սակայն, պաշտում եք ավտորիտար առաջնորդներին՝ ժողովդրավարության մասին հոգ տանելու փոխարեն», - հայտարարում էր Հարիսը։
Թրամփը, սակայն, մեկ անգամ ևս կրկնեց իր այն պնդումը, թե ընտրվելու դեպքում արագորեն վերջ կտա ուկրաինական պատերազմին և այն երբեք չէր էլ սկսվի, եթե 2022-ին ինքը նախագահ լիներ։
«Եթե նախագահը Թրամփը լիներ, Պուտինը հիմա Կիևում նստած կլիներ», - սրան հակադարձեց Հարիսը։
Ընդհանրապես նկատելի էր, որ բանավեճի ընթացքում Հարիսին մի քանի անգամ հաջողվեց հունից հանել Թրամփին՝ ստիպելով նրան պաշտպանվել։ Դա տեղի ունեցավ, օրինակ, այն ժամանակ, երբ փոխնախագահը հայտարարեց, թե անգամ Հանրապետական կուսակցության աջակիցները չեն դիմանում մինչև Թրամփի նախընտրական հանրահավաքների ավարտը։
«Դուք կնկատեք, որ մարդիկ հոգնածության ու ձանձրույթի պատճառով կեսից լքում են նրա հանրահավանքերը», - հայտարարեց Հարիսը։
«Այդ նրա հանրահավաքներին է, որ մարդիկ չեն գնում», - իսկույն հակադարձեց Թրամփը՝ պնդելով, թե դեմոկրատ թեկնածուի շտաբը գումարի դիմաց է հանրահավանքերի մասնակիցների հավաքագրում՝ նրանց ավտոբուսներով քաղաքից քաղաք տեղափոխելով։
Ընդհանրապես նկատելի էր, որ բանավեճի ողջ ընթացքում Թրամփն ամեն հարմար առիթ օգտագործում էր՝ Բայդենի և Հարիսի միջև հավասարության նշան դնելու համար։
Թրամփի այս մարտավարական հնարքը Հարիսին ակնհայտորեն դուր չէր գալիս։
«Նախևառաջ կարևոր է հիշեցնել նախկին նախագահին, որ նա ոչ թե Ջո Բայդենի, այլ ինձ հետ է մրցում», - նշում էր Հարիսը՝ պնդելով, թե ինքը «ամերիկյան քաղաքականության նոր սերնդի ներկայացուցիչ է»։
Բանավեճի ընթացքում Քամալա Հարիսն ու Դոնալդ Թրամփն անդրադարձան նաև ներգաղթի, զենքի ազատ շրջանառության, տնտեսական թեմաներին։
Հետդեբատային հարցումները վկայում են, որ որոշ դեպքերում, ինչպես, օրինակ, տնտեսության կամ ներգաղթի վերահսկողության հարցերում, ամերիկացիներին ավելի համոզիչ են թվացել Թրամփի մոտեցումները։ Մի շարք այլ խնդիրներում՝ նախևառաջ սոցիալական, հարցվածները նախապատվությունը տալիս են Քամալա Հարիսին։
Առաջիկա օրերին կհրապարակվեն արդեն նախընտրական հարցումների արդյունքները, որոնցից էլ պարզ կդառնա, թե Ֆիլադելֆիայում կայացած բանավեճն ինչ ազդեցություն է թողել թեկնածուների վարկանիշերի վրա։
Մեկ բան սակայն ակնհայտ է՝ բանավեճի արդյունքում Քամալա Հարիսը ևս մեկ ազդեցիկ կողմնակից ձեռք բերեց։ Հայտնի փոփ աստղ Թեյլոր Սվիֆթը, բանավեճից ժամեր անց, սոցիալական ցանցերում արված գրառմամբ, տեղեկացրեց՝ նոյեմբերի 5-ին ինքը քվեարկելու է Քամալա Հարիսի օգտին։