Մատչելիության հղումներ

Ռուսական օդանավակայանները՝ ուկրաինական անօդաչուների թիրախում, մարտեր Պոկրովսկի ուղղությամբ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակում Ռուսաստանի օդանավակայանների վրա

Ուկրաինական 140 անօդաչուներ այս գիշեր հարձակվել են Ռուսաստանի խոշորագույն օդանավակայանների՝ «Դոմոդեդովոյի», «Վնուկովոյի» ու «Ժուկովսկի» վրա։ Օդանավակայանների աշխատանքը մի քանի ժամով սահմանափակվել է, չվերթները՝ հետաձգվել։ Անօդաչուներից մեկն ընկել է Ժուկովսկի մերձակայքում՝ Ռամենսկոյե քաղաքում՝ բազմահարկ շենքի վրա, մահացել է մեկ կին, ևս երեք մարդ՝ վիրավորվել։

Անցած տասը օրում ուկրաինական կողմն արդեն երկրորդ անգամն է անօդաչուներով զանգվածային հարվածներ հասցնում Ռուսաստանի տարածքին, այդ թվում՝ Մոսկվայի մարզին։

Տեղում ապրողները ժամանակավորապես տարհանվել են։ Պաշտոնական Մոսկվան, որ ավելի քան երկուսուկես տարի է՝ ռմբակոծում է ուկրաինական խաղաղ բնակավայրերն ու կենսական նշանակության ենթակառուցվածքները, այսօր ինքն է դրանից դժգոհել։ Դա ցույց է տալիս, որ «մյուս կողմում թշնամիներ են», հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ փորձելով արդարացնել Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմը։

«Գիշերային հարվածները բնակավայրերի վրա ոչ մի կապ չունեն ռազմական գործողությունների հետ: Կիևի ռեժիմը շարունակում է իր դեմքը ցույց տալ: Նրանք թշնամիներ են, և մենք պետք է շարունակենք «հատուկ ռազմական օպերացիան», որպեսզի պաշտպանվենք այդ գործողություններից», - հայտարարել է նա։

Իրավիճակը ռազմաճակատում

Ռուսական բանակը շարունակում է ռմբակոծել ուկրաինական բնակավայրերը՝ փորձելով առաջ շարժվել Դոնբասում։ Առավել ինտենսիվ են մարտերը Կուրախովի և ռազմավարական նշանակություն ունեցող Պոկրովսկի ուղղությամբ, որտեղ, ըստ Ուկրաինայի պաշտոնական աղբյուրների, գրանցվել է ավելի քան 40 հարձակման փորձ։ Կիևը պնդում է, որ դրանք հետ են մղվել։ Ռուսները մինչդեռ հայտարարում են, թե առնվազն երեք բնակավայր են գրավել։

Կատաղի մարտեր են ընթանում նաև Միխայլովկա և Նովոգրոդովկա բնակավայրերի մերձակայքում։ Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար, անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն այսօր խոսել է Ուկրաինայում օկուպացված նոր տարածքների մասին. - «Ընդհանուր առմամբ եթե խոսենք սեպտեմբերի ութ օրերի և ամբողջ օգոստոսի մասին, ազատագրվել է գրեթե 1000 քառակուսի կիլոմետր»։

Շոյգու. Մոսկվան բանակցություններ չի սկսի, քանի դեռ Ուկրաինան դուրս չի բերել իր ուժերը

Մինչ Մոսկվան հպարտությամբ հայտարարում է շարունակվող առաջընթացի մասին, բանակը մեկ ամսից ավելի է՝ չի կարողանում դուրս մղել ուկրաինացի զինվորներին Կուրսկից։ Տեղում ընթացող ռազմական գործողությունների մասին մանրամասներ կողմերը չեն հաղորդում, Շոյգուն այսօր միայն պնդել է, թե Մոսկվան Կիևի հետ բանակցություններ չի սկսի, քանի դեռ Ուկրաինան դուրս չի բերել իր ուժերը Ռուսաստանի տարածքից։

Ուկրաինան ավելի վաղ հայտարարել է, որ տասնյակ բնակավայրեր է գրավել Կուրսկում, սակայն մտադիր չէ դրանք պահել իր վերահսկողության տակ։ Նախագահ Զելենսկու խոսքով՝ ուկրաինական բանակը Կուրսկ է մտել՝ ռուսների հարձակումները կանխելու, բանակցություններում առավել ամուր դիրքերից հանդես գալու համար։

XS
SM
MD
LG