Լատվիայում ռազմական անօդաչու թռչող սարք է կործանվել առաջին անգամ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկզբից ի վեր։ Լատվիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ԱԹՍ-ն թռել է Բելառուսի տարածքից։
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ սեպտեմբերի 7-ին, Ռեզեկնե շրջանում։ Նախնական տվյալներով՝ դա ռուսական սարք է եղել։
Լատվիայի ռազմական և հետախուզական ծառայությունները հետաքննություն են անցկացնում։ Նախարարությունում նշել են, որ միջադեպի մասին ծանուցել են ՆԱՏՕ-ի հրամանատարությանը, իսկ ՀՕՊ ուժերն ուժեղացվել են Լատվիայի արևելյան սահմանին։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Երկրի նախագահ Էդգար Ռինկևիչը հաստատել է անօդաչու թռչող սարքի ընկնելու մասին տեղեկությունը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ի դաշինքի արևելյան թևում նման միջադեպերի թիվն աճում է։
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ժամանակ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի բեկորներ հայտնաբերվել են ավելի քան 20 անգամ հարևան երկրներում, այդ թվում՝ Ռումինիայում, Լեհաստանում և Բուլղարիայում։