Հանրային վայրերում տեսախցիկներով հսկելու օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցումը Ազգային ժողովի առաջիկա նիստերի օրակարգում ընդգրկված չէ: Առայժմ պարզ չէ նաև, թե երբ խորհրդարանը վիճահարույց այս նախագծի մասին քննարկում կանցկացնի քաղհասարակության ներկայացուցիչների հետ։ Անցյալ շաբաթվա վերջին նշանակված նման մի քննարկում հետաձգվել է։
Դեռ հունիսի սկզբին Ներքին գործերի նախարարությունը խորհրդարան էր բերել «Ոստիկանության մասին» ու հարակից մի շարք օրենքներում փոփոխությունների փաթեթ, որն արագ, առանց հանրային քննարկումների ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Օրենքի վերջնական ընդունումից հետո 50 քմ-ից մեծ սննդի կետերի, դեղատների, խանութների, ռեստորանների, հյուրանոցների ու բիզնեսի այլ տեսակների կառույցների մուտքին ու շինության մյուս կողմերին գործարարները պարտավոր կլինեն տեղադրել տեսախցիկներ, իսկ դրանց նկարահանածն էլ 24/7 ռեժիմով տալ Ոստիկանությանը։
Գոռ Մադոյանը ամիսներ առաջ Երևանի փողոցներից մեկով զբոսնելիս շենքից վեր բարձրացող ծխի քուլաներ տեսնելուց հետո զանգահարել էր 911 ու հայտնել հրդեհի մասին, պարզվել էր՝ ռեստորանի վառարանն է չափազանց մեծ քանակի ծուխ արտանետել, հրդեհ չի եղել։ 30 րոպե չանցած Գոռին զանգել էին անծանոթ համարից՝ ռեստորանից. - «Չգիտեմ խի էր զանգել, այսինքն, ինձ նույնիսկ հետաքրքիր չէր՝ խի էր զանգել, ինչն էր իրեն մոտիվացրել, իմ ամբողջ հետաքրքրությունն էն էր, թե ոնց է իմ հեռախոսահամարը պետական կառույցի միջոցով՝ վստահաբար պետական կառույցի միջոցով, հասել ուրիշի մոտ», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց նա:
Փրկարար ծառայությունից տվյալների այսպիսի սրընթաց արտահոսքից հետո, Գոռ Մադոյանն ասում է՝ ուզում է պատկերացնել՝ նույն Ներքին գործերի նախարարության կազմում գործող Ոստիկանությունն ինչպես է վարվելու հազարավոր տեսախցիկներից ստացված նկարահանումների հետ, որն է երաշխիքը, որ դրանք էլ չեն արտահոսի։
«Ըստ էության, եթե լավ ծանոթ ունենաս, լավ կապեր ունենաս՝ միջին օղակի, ցածր օղակի, միջինից բարձր օղակի ցանկացած ինչ-որ կետից ցանկացած մարդու տվյալ՝ քեզ հետաքրքրող, կարաս հանես տենց», - ընդգծեց Մադոյանը:
«Նախագիծը որակյալ չէ անձնական տվյալների մշակման սկզբունքների տեսանկյունից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նախկին ղեկավար Գևորգ Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ ոչ ոք չի առարկում, որ Ոստիկանությունն էլ պետք է օգտվի գիտության ու տեխնոլոգիաների զարգացումից, սակայն թե ինչպես, դա արդեն պետք է կարգավորվի օրենքով, հստակ պետք է լինեն Ոստիկանության նպատակները՝ ինչու է հավաքում ահռելի ծավալի ինֆորմացիա քաղաքացիների մասին։
«Էն նպատակները, որոնք անգամ վերհանելի են, նախագծում դրա հիմնավորմամբ որևէ կերպ հիմնավորված չի, թե ինչի է դրանց հասնելու համար անհրաժեշտ էս ծավալի, ըստ էության՝ անսահմանափակ և առանց ժամանակի սահմանափակման՝ 24/7 ռեժիմով նկարում են, անսահմանափակ, լայնածավալ տվյալների մշակում է նախատեսվում: Ուղղակի հասկանալի չի, հիմնավորված չի: Այնինչ տվյալների ցանկացած մշակում պիտի հիմնավորված լինի համաչափության սկզբունքի տեսանկյունից», - նշեց Հայրապետյանը:
Ոչ միայն նպատակներն են հակասական և ոչ հստակ, այլև նախագիծը տվյալների պաշտպանության մասին Հայաստանի գործող օրենսդրությանն է հակասում, անհամաչափ է մարդկանց իրավունքներին միջամտության տեսանկյունից, պարզ չէ, թե ինչ սահմանափակումներ են դրվում Ոստիկանության առջև՝ հավաքված ահռելի տվյալները կիրառելու առումով, ինչ պատասխանատվություն է սպասում այն ծառայողին, որն, օրինակ, որևէ շարժառիթով կվաճառի իր ձեռքի տակ հայտնված զգայուն տեղեկությունը։
Հաջորդ խնդիրը կիբերանվտանգությունն է։
«Ցանկացած տնտեսվարող, ով տեղադրում է տեսախցիկներ ու միանում է էդ ընդհանուր համակարգին, ինքը դառնում է էդ համակարգի մաս: Իսկ ընդհանուր համակարգի խոցելիությունն էն մակարդակի վրա է, որ մակարդակի վրա է իր ամենախոցելի կտորը: Էս իմաստով՝ եթե մի տնտեսվարող վատ տեսախցիկ դրեց ու պատշաճ չպաշտպանեց, էական չի՝ Ոստիկանությունը ինքը իր կենտրոնական ապարատում դրած տեխնիկական միջոցները ինչքան լավ է պաշտպանում, եթե համակարգի որևէ մի այլ մասնակից պատշաճ չիրականացրեց անվտանգության միջոցառումները, ապա ամբողջ համակարգը համարեք, որ անվտանգ չէ», - ընդգծեց Գևորգ Հայրապետյանը:
«Նման պայմաններում առհասարակ տպավորություն է, թե ՆԳՆ-ն պարզապես փորձում է նշված օրենսդրական նախաձեռնությամբ մասնավորին պարտավորեցնել Ոստիկանության համար գնել տեխնիկական միջոցներ», - գրել է CyberHUB լաբորատորիան իր հրապարակած կարծիքում՝ վերջում առաջարկելով նախագիծը հետ կանչել լրամշակման։