Մատչելիության հղումներ

Մոսկվան Երևանին մեղադրում է «սեփական սխալների համար ՌԴ-ին մեղադրելու» մեջ


Երևանի արձագանքը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ եռակողմ պայմանավորվածությունների կատարման մասին հայտարարությանը հուշում է, որ Հայաստանը սեփական սխալների և ռազմավարական սխալ հաշվարկների համար փորձում է մեղադրել Ռուսաստանին, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Անցած օրերին Բաքվում նախարար Լավրովը Հայաստանի իշխանություններին մեղադրել էր Սյունիքի մարզով անցնող ճանապարհի շուրջ պայմանավորվածությունները «սաբոտաժի ենթարկելու» մեջ։

Ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ը հայտարարեց, որ նման հայտարարությունները «կասկածի տակ են դնում Ռուսաստանի Դաշնության կառուցողական ներգրավվածությունը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում»։

«Սա պաշտոնական Երևանի հերթական օրինակն է՝ սեփական սխալների, սեփական ռազմավարական սխալ հաշվարկների մեղքը ուրիշների վրա բարդելու՝ մասնավորապես տվյալ դեպքում ՝ Ռուսաստանի վրա», - հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը։

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչն իր հերթին է հիշեցրել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 9-րդ կետի մասին, պնդել՝ հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ «մեծ աշխատանք» է տարվել:

«Երևանը ետ է կանգնել ավելի վաղ համաձայնեցված դիրքերից և սկսել է պնդել, ինչպես իրենք են ձևակերպում՝ փոխադարձություն ռուսաստանցի սահմանապահների ներկայության հարցով, պահանջելով, որպեսզի նրանք լինեն ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական կողմում։ Թե ինչի վրա էին հղում անում, անհասկանալի է», - հայտարարել է Զախարովան՝ հավելելով. - «Հայաստանի ներկայացուցիչները հրաժարվել են համաձայնեցնել ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության կողմից տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG