Մատչելիության հղումներ

Երևանը հերքում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու Բաքվի հերթական հաղորդումը


Հայ զինվորը՝ մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Հայ զինվորը՝ մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Պաշտոնական Երևանը հերքում է Բաքվի հաղորդումը, թե օգոստոսի 18-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է՝ Ադրբեջանի հաղորդումը չի համապատասխանում իրականությանը։

Բաքուն, մասնավորապես, մեղադրել է Երևանին Նախիջևանի Ջուղայի շրջանի ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ կրակելու համար։

Ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծելու մեղադրանքներ Բաքուն նաև անցած շաբաթ է հնչեցրել։ Երևանը հերքել է բոլոր պնդումները։

Հայկական կողմը հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել:

Հունիսին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայկական կողմին պարբերաբար մեղադրում էր հրադադարի խախտումների համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հունիսի 15-ին հայտարարեց հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձևավորելու առաջարկի մասին, մեկ շաբաթ անց վարչապետի աշխատակազմը հաղորդեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով այդ առաջարկն ուղղելու մասին: Առաջարկին հրապարակային արձագանք պաշտոնական Բաքվից առայժմ չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG