Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ պատերազմը կանխելու, Գազայում հրադադար հաստատելու, պատանդներին ազատելու նպատակով այսօր Դոհայում սկսվեցին բանակցություններ, որոնց արդյունքներից է կախված` ինչ զարգացումներ տեղի կունենան տարածաշրջանում։
Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման ղեկավար անդամներից մեկն այսօր ավելի վաղ BBC-ին փոխանցել էր, որ խմբավորումը չի մասնակցի «բանակցություններին հանուն բանակցությունների, որի ներքո Իսրայելը շարունակում է պատերազմը»։
ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակը վերջին ճեպազրույցի ժամանակ հույս էր հայտնել, որ «Համաս»-ի ներկայացուցիչներն այնուամենայնիվ կմասնակցեն բանակցություններին։
Պաշտոնական հաղորդագրություն մասնակիցների մասին առայժմ չկա։
Ավելի վաղ էլ իսրայելական լրատվամիջոցներն էին տեղեկացրել, որ Կատարում են «Մոսադ»-ի հետախուզության ղեկավարը, «Շին Բեթ»-ի անվտանգության ղեկավարը, ինչպես նաև վարչապետ Նեթանյահուի խորհրդականները և Պաշտպանության բանակի ներկայացուցիչները։ France-Presse-ը, վկայակոչելով իր աղբյուրը, գրել էր, որ հանդիպմանը կմասնակցի նաև Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը։
Վերջին հնարավորություն՝ Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձություններով մտահոգված կողմերը, փորձագետներն այսպես են գնահատում բանակցությունները՝ ենթադրելով, որ Գազայի հատվածում հրադադարը գուցե համոզի Իրանին և Լիբանանի «Հեզբոլա»-ին չհարվածել Իսրայելին՝ սպառնալիք, որ չի դադարում հնչել հուլիսի 31-ին Թեհրանում «Համաս»-ի բարձրագույն քաղաքական առաջնորդի սպանությունից հետո:
«Իրանը կանի այն, ինչ իրեն է ձեռնտու համարում` անկախ Արևմուտքից հնչող զսպվածության կոչերից ու հայտարարություններից: Սակայն Իրանը նաև ակնարկել է, որ դիվանագիտական այլ մոտեցումը կարող է համոզել իրեն գոնե «հետաձգել» խոստացված հարձակումը. խոսքը Գազայում Իսրայելի և «Համաս»-ի միջև մշտական զինադադարի մասին է», - կարծիք է հայտնել Բահրեյնում գործող Le Beck International խորհրդատվական ընկերության հետախուզության ղեկավար Մայք Հորովիցը։
Ժնևի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆարզան Սաբեթն էլ ենթադրում է, որ հրադադարի դեպքում Իրանը կա՛մ կնվազեցնի իր հարձակման մասշտաբները, կա՛մ կընտրի պատասխան այլ մեթոդ, որը չի ենթադրում ուղիղ հարված Իսրայելին:
«Լավ տարբերակներ չկան։ Առեղծված է մնում, թե Իրանը երբ և ինչպես է արձագանքելու, սակայն, ներկայիս իրավիճակից հասկանում ենք, որ կարծես թե լավ տարբերակներ չունի: Թեհրանում որոշումներ կայացնողները տատանվում են «ոսկե» միջինը գտնելու հարցում», - նշել է Սաբեթը:
Այդուհանդերձ, Reuters-ի հետ զրույցում Թեհրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ չեն թաքցրել, որ եթե Իսրայելը ձախողի կամ հետաձգի այս բանակցությունները, Իրանը կհարվածի։ Լիբանանում էլ Reuters-ի աղբյուրները նշում են, որ «Հեզբոլա»-ն ևս պատրաստ է հնարավորություն տալ բանակցել Գազայի հատվածում հրադադարի շուրջ, սակայն չի հրաժարվում Իսրայելից վրեժ լուծելու մտադրությունից։
Միաժամանակ, քուվեյթյան «Ալ-Ջարիդա» թերթը գրում է, որ Իրանի անշտապ քայլերն իր աջակիցների հետ տարաձայնությունների պատճառ են դարձել։ Մինչ Իրանը մտադիր է սպասել Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունների ավարտին, «Համաս»-ը, հութիները և իրաքամետ խմբավորումները պահանջում են միանգամից բոլոր ճակատներով հարվածել Իսրայելին։
Քաղաքական վերլուծաբանների կարծիքով՝ Մերձավոր Արևելքում իրադարձությունները դառնում են ավելի ու ավելի քիչ վերահսկելի: Մեծ պատերազմը կարող է ազդել տարածաշրջանի միանգամից մի քանի երկրների վրա՝ ներքաշելով ԱՄՆ-ին, ինչպես նաև Ռուսաստանին, որը զինվորական ներկայություն ունի Սիրիայում:
Մեծ պատերազմը, սակայն, ցանկալի սցենար չէ բոլորի համար: Ե՛վ Բեյրութը, և՛ Թեհրանը հասկանում են, որ հետևանքները կարող են շատ ծանր լինել, մինչդեռ վրեժխնդրությունից հրաժարվելու դեպքում այն կարող են ներկայացնել որպես հաղթանակ:
«Կհաղթի՞ արդյոք դիվանագիտությունը» հռետորական հարցը բարձրացնելուց առաջ փորձագետները հիշեցնում են՝ Թեհրանը մերժել է զսպվածություն ցուցաբերելու արևմտյան երկրների կոչերը։ Իսկ միջնորդներն ամիսներ են ծախսել՝ բանակցությունների այս օրվան հասնելու համար։ Վերջնական նախագիծը հիմնված է մայիսի 31-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից հայտարարված սկզբունքների վրա, որոնք ստացել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությունը։ Թե ինչի մասին է խոսքը, պարզ չէ։ Ենթադրվում է, որ փաստաթուղթը կփորձի լուծել երկու կողմերի մտահոգությունները։
Այսօրվա բանակցություններից ամենամեծ սպասումներն ունեն պատանդների ընտանիքների անդամները, որոնք առավոտից հավաքվել էին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կուսակցության գրասենյակի առջև՝ պահանջելով իշխանությունից առանց պատանդների տուն չվերադառնալ. - «Բանակցային թիմին ենք դիմում, եթե այսօր կամ առաջիկա օրերին այս գագաթնաժողովում գործարք չկնքվի, չվերադառնաք Իսրայել»։
Ու մինչ հայտնի չէ՝ ինչ արդյունք կտան սպասված բանակցությունները, տարածաշրջանի գլխավոր դերակատարներից՝ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն էլ Մոկսվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ է քննարկել Մերձավոր Արևելքում հրադադարի հաստատման անհրաժեշտությունը՝ Գազայում արյունահեղությանը վերջ տալու համար։ Այսօր ակնկալվում է Աբասի ելույթը Թուրքիայի խորհրդարանում։