Մատչելիության հղումներ

Վրաստանը սպասում է նախագահի վետոյին․ իշխող ուժը քննադատում է եվրոպացի 4 ԱԳ նախարարների մասնակցությունը ցույցին


Վրաստան - Եվրոպական չորս պետությունների ԱԳ նախարարները մասնակցում են Թբիլիսիի բողոքի ցույցին, 15-ը մայիսի, 2024թ.
Վրաստան - Եվրոպական չորս պետությունների ԱԳ նախարարները մասնակցում են Թբիլիսիի բողոքի ցույցին, 15-ը մայիսի, 2024թ.

Վրաստանը հիմա վիճահարույց օրենքի վրա նախագահի վետոյի սպասման փուլում է։ Ըստ Սահմանադրության՝ երրորդ ընթերցմամբ ընդունված օրենքը ոչ ուշ քան տասն օրվա ընթացքում ուղարկվում է նախագահի հաստատմանը։ Օրենքը ստանալուց հետո նախագահը երկու շաբաթ ժամանակ ունի այն ստորագրելու կամ վետո դնելու համար։ Եթե նա այդ երկու տարբերակներից ոչ մեկը չի անում, ապա ժամկետը լրանալուց հետո խորհրդարանի խոսնակը հինգ օրվա մեջ կարող է ստորագրել օրենքը, և այն ուժի մեջ կմտնի։

Չնայած խորհրդարանական մեծամասնությունը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն ի վիճակի է հաղթահարել, բայց իշխող ուժը ցանկանում է, որ գործը դրան չհասնի։ Իշխանության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնում նախագահի վետոյի քննարկման փուլում երրորդ ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքում խմբագրական ուղղումներ կատարել և այդ կերպ լուծել ընդդիմության ու միջազգային գործընկերների հետ հակասությունները։

Նախագահ Զուրաբիշվիլին կտրականապես դեմ է իշխող ուժին պարզերես անող նման տարբերակին․ ոչ և երբեք, ասել է նա եվրոպացի չորս արտգործնախարարների հետ հանդիպմանը։

«Իմ վետոյի հարցով ես ոչ մի դեպքում կեղծ, արհեստական, սուտ բանակցությունների մեջ չեմ մտնի։ Թող ոչ ոք հույս չունենա, որ կարող է օգտագործել Վրաստանի նախագահին այս իշխանության դեմքը փրկելու համար», - ասել է Զուրաբիշվիլին Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի և Իսլանդիայի արտգործնախարարներին։

Նրանք հանդիպումներ են ունեցել Վրաստանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի խոսնակի, քաղհասարակության ներկայացուցիչների հետ։

Նրանք նաև մասնակցել են Թբիլիսիի բողոքի ցույցին, ինչը խստորեն քննադատվել է իշխանությունների կողմից։ Մայիսի 15-ին ժամանելով Թբիլիսի՝ նույն օրը երեկոյան եվրոպացի չորս արտգործնախարարները միացել են դեպի խորհրդարան շարժվող երթին, իսկ Լիտվայի, Էստոնիայի ու Իսլանդիայի արտգործնախարարները ելույթ են ունեցել հանրահավաքում։

«Սա դրսից երկրում հեղաշրջում, ապստամբություն հրահրելու փորձ է։ Սա բարեկամություն չէ, սա ուղիղ թշնամություն է, երկրում բևեռացում սերմանելու փորձ», - «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն։

Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին արտգործնախարարների արարքը համեմատել է ռուսական քարոզչության հետ։

«Նման վարքագիծ կարելի է սպասել խորհրդային, կամ ռուսական քարոզիչներից, այլ ոչ թե Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարներից։ Օգնել տապալելու ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունը, որովհետև նրա ընդունած օրենքը ձեզ դուր չի գալիս՝ ասես խորհրդային պիեսից պատճենված ինչ-որ բան լինի», - X սոցցանցում գրել է Պապուաշվիլին։

Մոսկվան ևս քննադատել է եվրոպացի արտգործնախարարներին ու Թբիլիսիի ցույցերը համեմատել Կիևի Մայդանի ցույցերին ուկրաինական «Նարնջագույն հեղափոխության» ժամանակ։ Ռուսաստանի Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը Տելեգրամի իր էջում գրել է, որ Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի արտգործնախարարների մասնակցությունը Թբիլիսիի բողոքի ցույցին միջամտություն է երկրի ներքին գործերին։ Նա հիշեցել է, որ ԱՄՆ-ի նախկին փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդը Կիևի հրապարակում կարկանդակներ էր բաժանում ցուցարարներին։ Կոսաչևը պաշտպանել է Վրաստանի իշխանությունների դիրքորոշումը «օտարերկրյա գործակալների» օրենքն ընդունելու հարցում։

Վրաստանում բողոքի ակցիաները չեն հանդարտվում։ Գալիք հոկտեմբերին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են։

XS
SM
MD
LG