«Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկում է Իսրայելի փոխարեն հարվածել հարևան երկրներում, մասնավորաբար, Ադրբեջանում կամ Իրաքի հյուսիսի քրդաբնակ շրջաններում գտնվող գաղտնի իսրայելական բազաներին», - այսօր գրում է բրիտանական The Telegraph պարբերականը՝ վկայակոչելով իրանցի պաշտոնյաներին։
Թերթի տեղեկություններով՝ ծայրահեղական «Համաս»-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի՝ Թեհրանում տեղի ունեցած սպանությանը պատասխանի հարցում Իրանի վերնախավում լուրջ տարաձայնություններ են ծագել։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ղեկավարությունը առաջարկում է ուղղակի հարվածներ հասցնել Թել Ավիվի մերձակայքում գտնվող ռազմական թիրախներին՝ քաղաքացիական զոհերից խուսափելու համար։ Մասուդ Փեզեշքիանը դեմ է ուղղակի հարվածներին՝ փոխարենն առաջարկելով ընտրել Ադրբեջանում կամ իրաքյան Քուրդիստանում գտնվող և Իսրայելի հետ առնչություն ունեցող որևէ թիրախ՝ նախապես զգուշացնելով այդ երկրներին սպասվող հարվածների մասին», - Իրանի նախագահի օգնականներից մեկին վկայակոչելով՝ գրում է բրիտանական պարբերականը։
Շաբաթասկզբին իսրայելական կողմի հարվածի հետևանքով զոհվեց Լիբանանի հարավային շրջանները վերահսկող իրանամետ «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարներից մեկը։ Կազմակերպության առաջնորդի պնդմամբ՝ իր զինակցի սպանությունը շրջադարձային կետ է Իսրայելի դեմ պայքարում։
Իր հերթին, Իրանը կոշտ պատասխան է խոստացել Իսրայելին, որին մեղադրում է հուլիսի 31-ի գիշերը Թեհրանում ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման քաղաքական առաջնորդի սպանության մեջ։
Թեհրանը և իր դաշնակիցները մեղադրանքի սլաքներն ուղղել են դեպի Իսրայելը և սպառնացել պատասխան գործողություններով: Իսրայելը չի ստանձնել Ֆուադ Շուքրի և Իսմայիլ Հանիեի սպանությունների պատասխանատվությունը։
Վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մեծ գին կպահանջի իր դեմ հնարավոր ագրեսիայի դեպքում, որտեղից էլ այն լինի։