ԱՄՆ-ը վերահաստատում է իր «երկաթե» աջակցությունն Իսրայելի պաշտպանությանը, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը՝ տեղեկացնելով, որ երեկ հեռախոսազրույց է ունեցել իսրայելցի իր գործընկեր Յոավ Գալանտի հետ։
«Ամերիկյան F-22 Raptors կործանիչները, որ այսօր են ժամանել տարածաշրջան, ագրեսիան զսպելու, Իսրայելն ու տարածաշրջանում ամերիկյան ուժերը պաշտպանելու բազմաթիվ ջանքերից մեկն են», - X-ում գրել է Օսթինը։
Պենտագոնի ղեկավարն ընդգծել է նաև Գազայում հրադադարի համաձայնագրի կնքման կարևորությունը։
ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց էին ունեցել նաև հուլիսի վերջին։ Լլոյդ Օսթինը հավաստիացրել էր, որ Իսրայելի և «Հզոբալա» խմբավորման միջև լարվածության պայմաններում Միացյալ Նահանգները անվտանգության ոլորտում կշարունակի աջակցությունը Իսրայելին։
Մերձավոր Արևելքում շուրջ 10 ամիս ընթացող պատերազմն էլ ավելի թեժացավ անցյալ շաբաթ՝ Լիբանանում «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարի և Թեհրանում ծայրահեղական «Համաս»-ի բարձրաստիճան քաղաքական առաջնորդի սպանություններից հետո։
Թեհրանը և իր դաշնակիցները մեղադրանքի սլաքներն ուղղեցին դեպի Իսրայել՝ սպառնալով պատասխան գործողություններով:
«Թեհրանն իրեն պարտավորված է զգում պատասխանել, և թշնամին սպասում է մեծագույն վախը սրտում», - իր ուղերձում ասել է ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա» խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլան՝ հավելելով՝ «Հեզբոլա»-ը կպատասխանի «կա՛մ միայնակ, կա՛մ տարածաշրջանում Իրանի աջակցությունը վայելող բոլոր խմբավորումների հետ միասին»։