Լարսում դարձյալ խցանումներ են՝ հիմա էլ անցակետի ռուսական կողմում: Բեռնատարների վարորդները դժգոհում են՝ իրենց համար արդեն սովորական դարձած այս լուրջ խնդիրը կլոր տարին չի լուծվում։
«Սաղ գիշեր չենք քնել, հերթով՝ կամաց-կամաց եկել ենք առաջ։ Մոտավորապես ծրագրով 4 հազար 700 հատ ֆուռ (մեծ բեռնատարներ) կա կանգնած հերթի մեջ դեպի Լարս», - «Ազատության»-ը փոխանցեց վարորդներից մեկը։
Եթե, ըստ պաշտոնական պատասխանների, ձմռանը բուքն է Լարսի ճանապարհն անանցանելի դարձնում, գարնանն ու աշնանը՝ տեղումները, հիմա էլ ասում են՝ զբոսաշրջիկների մեծ թիվն է մեքենաների կիլոմետրերով ձգվող հերթի պատճառը:
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանն «Ազատության»-ը փոխանցեց՝ ռուսական ու վրացական հատվածներում են կուտակումները, ըստ նրա, զբոսաշրջիկները Ռուսաստանից շարժվում են դեպի Վրաստան։
«Հերթերը պայմանավորված են տուրիստական սեզոնով, տուրիստական հոսքերը կրկնակի անգամ ավելացել են, Լարսի անցակետերը՝ ռուսական և վրացական կողմերը, չեն հասցնում սպասարկել գոյացած հերթը։ Կարծում եմ՝ մինչև ամսվա վերջ էս վիճակը չենք ունենա, որովհետև տուրիստական սեզոնն ավարտվում է», - ասաց Հակոբյանը։
Բեռնատարների վարորդները հատուկ հավելվածով են հետևում, թե հերթում քանի մեքենա է կանգնած: Ըստ այդ հավելվածի՝ Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում, այսօր, օրվա առաջին կեսին, ավելի քան 4 հազար 700 մեքենա էր կանգնած:
Վահան Հակոբյանը մանրամասնում է․ - «Թեթև մարդատար մեքենաների հերթը մինչև 6 կմ է հասնում, իսկ բեռնատարների հերթն ավելի երկար է ձգվում, որովհետև այն կառավարվում է Հյուսիսային Օսետիայի իշխանությունների կողմից։ Բեռնատարներն էլեկտրոնային հերթում գրանցվելիս թույլտվություն ստանալիս միայն կարող են հատել Վլադիկավկազը և անցնել դեպի Վերին Լարսի անցակետ, հակառակ դեպքում Վլադիկավկազի ամբողջ քաղաքի տարածքում բեռնատարների կուտակումներ կլինեն»։
«Տեխնիկական հարց է, որը կապված չէ Հայաստանի հետ», - այսօր լրագրողներին փոխանցեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ միաժամանակ ընդունելով, որ թողունակության հետ կապված խնդիր կա, որը, վստահ է, կլուծվի: Բայց թե ինչպես, պաշտոնյան չասաց։
Կառավարությունը Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային միակ ճանապարհի այլընտրանքային տարբերակ էր դիտարկում Բաթումի-Նովոռոսիյսկ ծովային փոխադրումների ծրագիրը: Մեկնարկը տրվեց, պետբյուջեից շուրջ 1.2 միլիոն դոլար ծախսվեց, հետո, սակայն, էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը խոստովանեց՝ ծրագիրն արդյունավետ չէր։
Քերոբյանի պնդմամբ, լաստանավն աշխատել է մի քանի ամիս, բայց այդպես էլ չի հետաքրքրել արտահանողներին ու ներմուծողներին, հետևաբար ծրագիրը շարունակելու համար, իրենք գործընկերներին համոզելու հիմք չեն ունեցել: Գրեթե նույնն այսօր ասաց նոր նախարարը։
«Լաստանավին զուգահեռ Ռուսաստանը մեծացրել է թողունակությունը Լարսի միջոցով, որի պարագայում դրա կարիքն այլևս չի եղել։ Լաստանավը վարձակալված է եղել, հիմա դրա կարիքը չկա։ Մեր տնտեսվարողները շարունակում են օգտվել այդ ճանապարհից ու շարունակում են համարել այդ ճանապարհը, թեկուզ հերթի միջոցով, ավելի նախընտրելի։ Այդ հերթերն, իմ կարծիքով, առաջիկայում կքչանան», - նշեց Պապոյանը։
Ռուսական կողմից խցանման մեջ մնցած բեռնատարի հայ վարորդը, որ լրացուցիչ խնդիրներից խուսափելու համար որոշեց անանուն ներկայանալ, այսպես նկարագրեց իրավիճակը տեղից․ - «Այս պահին 5 հազար մեքենա կանգնած է, խեղճ վարորդը հերթ է պահում, որ իրա հերթը հասնի, թողնի գա տուն։ Ամիսներով հերթ են պահում»։
Զբոսաշրջային kray-zemli.com ռուսալեզու կայքում այս պահին վրացական ու ռուսական կողմում խցանումներում մնացած մարդիկ պարբերաբար գրառումներ են անում ու նկարագրում իրավիճակը, դժգոհում, որ ժամերով ու օրերով հերթի մեջ են, միմյանց հարցուփորձ անում, ով գիտի, երբ կթեթևանա խցանումը։