Վաշինգտոնը Կիևից պարզաբանումներ կպահանջի Կուրսկի շրջանի վրա հարձակման հետ կապված, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
Քիրբին նշել է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը՝ Ռուսաստանի տարածքի վրա ուկրաինական հարձակումների հետ կապված չի փոխվել. Վաշինգտոնը թույլ է տալիս Կիևին ԱՄՆ-ի կողմից մատակարարվող զենքով հարվածել Կիևի համար վտանգ ներկայացնող թիրախներին, որոնք գտնվում են Ռուսաստանի տարածքում։
ԱՄՆ Պետդեպարտամենտն ավելի վաղ հայտարարել էր, որ նախնական տեղեկություն չունի Ուկրաինայի զինված ուժերի հարձակման մասին։ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն էլ ասել է, որ պատերազմի ժամանակ Կիևն ինքն է որոշում, թե ինչպես վարվել։
Եվրամիության դիվանագիտական գերատեսչության խոսնակ Պիտեր Ստանոն, իր հերթին ասել է, որ Ուկրաինան օրինական իրավունք ունի պաշտպանվելու, այդ թվում՝« ագրեսորի տարածքում հարվածների միջոցով»։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ֆարհան Հակը հայտարարել է, որ իրավիճակը Կուրսկի շրջանում կարող է ռազմական հակամարտության սրման պատճառ դառնալ։
«Մենք ցանկանում ենք տեսնել իրավիճակի հնարավորինս լիցքաթափում», - ասել է Հակը ճեպազրույցում:
Ուկրաինական կողմը չի մեկնաբանել Կուրսկի շրջանի վրա հարձակումը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը օգոստոսի 6-ին կեսօրն անց առաջին հաղորդագրությունը տարածեց, պնդելով, թե առավոտից հակառակորդն ավելի քան 300 զինվորներով, 11 հրասայլերով ու 20 զրահապատ մեքենաներով հարձակվել է ռուսական դիրքերի վրա՝ սահմանամերձ շրջաններում։ Երեկոյան արդեն տեսանյութեր տարածվեցին, որտեղ երևում է, որ մարտերում նաև ռազմական ավիացիա է ներգրավվել։
Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավիրած խորհրդակցությանը Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը զեկուցել է, թե Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացումը կասեցվել է։ Դատելով Գերասիմովի խոսքերից, սակայն, զեկուցման պահին առնվազն ռազմական գործողությունները Ռուսաստանի տարածքում դեռ շարունակվում էին. - «Ներկայումս «Հյուսիս» խմբավորման ստորաբաժանումները շարունակում են սահմանամերձ հատվածներում ոչնչացնել հակառակորդին: Գործողությունը կավարտվի հակառակորդին ջախջախելով և պետական սահման հասնելով»:
Ռուսաստանի նախագահը «լայնածավալ սադրանք» է որակել ուկրաինական բանակի ներխուժումը Կուրսկ, որն, ըստ պաշտոնական Մոսկվայի, կասեցվել է երկօրյա կատաղի մարտերից հետո։
Սա Ռուսաստանի տարածք ուկրաինական ամենամեծ ներթափանցումն է 2022-ին պատերազմի սկսվելուց ի վեր։