97 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը հաղթեց Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում և վաղը գորգ դուրս կգա ոսկե մեդալի համար:
Կիսաեզրափակիչում Ալեքսանյանն ուժերը չափեց կուբացի Գաբրել Ռոսիլոյի հետ։ 2023-ի աշխարհի առաջնության եզրափակիչում գյումրեցի մարզիկը պարտվել էր կուբացուն։
77 կիլոգրամ քաշային Մալխաս Ամոյանը կիսաեզրափակիչում պարտվեց ճապոնացի Նաո Կուսակայի հետ պայքարում:
Կիսաեզրափակիչի ճանապարհին Ամոյանը նախ ֆինն, ապա իրանցի մարզիկներին պարտության մատնեց։
Ըմբշամարտիկների հաղթական ընթացքին զուգահեռ Հայաստանում դժգոհության մեծ ալիք է բարձրացել. մարզիկների մեկնարկային գոտեմարտերը հեռուստացույցով դիտելու հնարավորություն քաղաքացիները չունեին, դրանց ընթացքում Հանրայինի եթերով այլ գոտեմարտեր էին հեռարձակվում։
Սոցցանցերը հեղեղված են խիստ քննադատական գրառումներով ու մեկնաբանություններով, մարզասերները ստիպված այլ կայքերի միջոցով են դիտել մարզիկների ելույթները։
Փարիզ 24-ը ցուցադրող Հանրայինը մեղադրանքներին կարճ արձագանքեց. պատճառաբանեցին՝ իրենք ուղիղ եթերի ազդանշան ստանում են միայն ըմբշամարտի հիմնական գորգից, Ալեքսանյանի ու Ամոյանի առաջին գոտեմարտերն այլ գորգում են ընթացել, դրա համար էլ չեն հեռարձակվել։ Պարզաբանումը, սակայն, հայ մարզասերներին չի բավարարել, պնդում են՝ հնարավոր էր հեռարձակում ապահովել: