Մատչելիության հղումներ

Արաբկիրի գործով կալանավոր Սաֆարյանի փաստաբանի խոսքով՝ կաշառքի միջնորդության մասին արժանահավատ ապացույց չի ներկայացվել


Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի, նրա տեղակալի ու թաղապետարանի մի խումբ աշխատակիցների ձերբակալություններից մեկ ամիս անց՝ Քննչական կոմիտեն դեռ չի մանրամասնում՝ ի վերջո քանի մարդ է ձերբակալվել, քանիսն են կալանավորվել ու կոնկրետ ինչ գործի շրջանակներում:

«Ազատության» տեղեկություններով՝ ձերբալակվածներից 7-ն են կալանքի տակ։ Վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը բերման ենթարկվելու հաջորդ օրը 30 միլիոն դրամ գրավի դիմաց տնային երկամսյա կալանքում է։ Քննչականից միայն փոխանցեցին՝ ակտիվ նախաքննություն է շարունակվում, քրեական հետապնդման ենթարկվողների թիվն ավելացել է։

Կալանավայրում է «Փինք Բերրի» պաղպաղակի արտադրության համասեփականատեր 30-ամյա Լևոն Սաֆարյանը: Նրա կալանքի ժամկետը կլրանա վաղը: Փաստաբան Անդրանիկ Սարգսյանը պնդում է՝ քննիչները որևէ արժանահավատ ապացույց չեն ներկայացրել, թե նա միջնորդել է, որ իբր թաղապետ Արամ Ազատյանը կաշառք ստանա:

«Մարդիկ խոսել են, ենթադրյալ Լևոն անունն են տվել, ենթադրել են, որ էդ Լևոնը կարող է լինի «Փինք Բերրի»-ի Լևոնը, էն էլ իրենք «Փինք Բերիի» Լևոն չեն էլ ասում, Լյով են ասում։ Լևոնն ընդամենը ծանոթ է թաղապետին, բայց դա դեռ չի նշանակում, որ եթե այդ մարդը մեկին ծանոթ է, ուրեմն կաշառքի առաջարկություն է արել կամ կաշառք ստացողի օժանդակող է, առավել ևս, որ այդպիսի կաշառք ստանալու հանգամանք կամ փաստական տվյալ քրեական վարույթով ընդհանրապես ձեռք չի բերվել», - ասաց փաստաբանը։

Այս գործի մանրամասներին «Ազատություն»-ը տեղեկացել է գործով անցնողների փաստաբաններից: Օրինակ՝ «Էլ-Սթրոյ գրուպ»-ի տնօրեն Հայկ Գալոյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն ավելի վաղ «Ազատության»-ը պատմել էր, թե իր պաշտպանյալին իրավապահները վերագրում են հետևյալ արարքը։

«Իբր նա թաղապետարանի հետ պայմանագիր է կնքել վարչական շրջանի շենքերի շքամուտքերը վերանորոգելու համար և աշխատանքները ոչ պատշաճ է կատարել ու խարդախությամբ հափշտակել 20 մլն դրամ»,- փոխանցել էր փաստաբանը:

Գալոյանն, ի դեպ, բերման ենթարկվելու հաջորդ օրն ազատ է արձակվել:

«Փինք Բերրի» պաղպաղակի արտադրության համասեփականատեր Լևոն Սաֆարյանի փաստաբանն ասում է՝ անգամ եթե իր վստահորդը միջնորդել է, որ մի քաղաքացի կաշառք տա վարչական շրջանի ղեկավարին, ապա փաստն այն է, որ ենթադրյալ կաշառք ստացողը տնային կալանքում է, իսկ իր վստահորդը՝ կալանավայրում. - «Սա արատավոր ձեռագիր է քննչական մարմինների, որ կալանավորենք, ցուցմունքը տա տարբերակով։ Սա քրեական դատավարության սկզբունքներին ու Սահմանադրությանն ուղիղ հակասում է»։

Ըստ փաստաբանների՝ իրավապահներն այս ենթադրյալ տվյալները ձեռքներին միայն մեկ տարի անց են սկսել գործություններ անել։ Հարցնում են՝ ո՞ւմ կամ ինչի՞ն էին սպասում: Քննիչն, ըստ փաստաբանի, այսօր դատարան է մտել իր վստահորդի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու միջնորդությամբ: Որոշումը կհրապարակվի երեկոյան։

«Նոր հանգամանքներ ի հայտ չեն բերվել, մեկ ամսվա ընթացքում Լևոն Սաֆարյանից ընդհանրապես որևէ քննչական գործողություն չի կատարվել, այս միջնորդությունը ենթակա է մերժման», - նշեց փաստաբանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին վերջին ասուլիսի ընթացքում լրագրողները հարցրել էին՝ ինչո՞ւ են քաղաքապետարանի շուրջ կալանքներն ու ձերբակալությունները շարունակվում:

«Կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից առաջին պատասխանատվությունը կառույցի ղեկավարինն է, և մեզ մոտ օրինակ՝ կադրային փոփոխություններ տեղի են ունեցել հենց որոշ դեպքերում նաև այդ նկատառումով, որ մի վարչությունում շատ մարդիկ պոտենցիալ կոռուպցիոն սխեմայի մեջ են։ Ես հուսով եմ, որ իրավապահ համակարգը նույնպես այդ պատասխանատվության չափը գիտակցում է», - պատասխանել էր քաղաքապետը։

Անցած տարի էլ կոռուպցիոն մեկ այլ գործի շրջանակներում քաղաքապետարանի երկու՝ նախկին և գործող պաշտոնյաներ էին ձերբակալվել: Այս գործով դատական նիստերը շարունակվում են։

XS
SM
MD
LG