Մատչելիության հղումներ

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի ձերբակալման գործով անցնող «Էլ-Սթրոյ գրուպ»-ի տնօրենն ազատության մեջ է. փաստաբան


Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի ու նրա 2 տեղակալների ձերբակալման գործով անցնող «Էլ-Սթրոյ գրուպ»-ի տնօրեն Հայկ Գալոյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն «Ազատությանն» ասաց՝ դատարանը մերժել է իր վստահորդ Գալոյանին կալանավորելու՝ Քննչական կոմիտեի միջնորդությունը:

Ըստ փաստաբանի՝ խափանման միջոց չի կիրառվել և նա ազատության մեջ է:

Կոչուբաևն «Ազատությանը» պատմեց՝ Հայկ Գալոյանը մեղադրվում է խարդախության համար, մեղադրանքի էությունը կայանում է նրանում, թե իբր նա թաղապետարանի հետ պայմանագիր է կնքել վարչական շրջանի շենքերի շքամուտքերը վերանորոգելու համար, և աշխատանքները ոչ պատշաճ է կատարել ու խարդախությամբ հափշտակել 20 մլն դրամ:

«Մեղադրանքն ամբողջությամբ հնարածին է նաև մյուս մեղադրյալների մասով: Եթե կատարվել են աշխատանքներ ու դրանք հանձնման-ընդունման ակտով ընդունվել են՝ չես կարող չարաշահել լիազորություններդ կամ գումարներ հափշտակել: Այդ շենքերը, որոնք պայմանագրով նախատեսված են եղել, արդեն իսկ վերանորոգված են: Մեղադրանքի պերճանքն այն է, որ պայմանագրերը կնքվել են 2021-ին, երաշխիքային ժամկետը 1 տարի է եղել, այսինքն 2022-ից հետո որևէ պաշտոնյա կամ ՍՊԸ պատասխանատու չէր այդ գույքի համար: Այսինքն՝ եթե բնակիչները վատ են օգտագործել, այստեղ չէր կարելի պաշտոնյաներին ու կառուցապատողներին մեղադրել: Երաշխքային ժամկետի լրանալուց հետո 2 տարի է անցել, եթե ԱԱԾ-ն ուներ այդ հրատապ տեղեկությունն, ինչո՞ւ է հիմա ձերբակալում ու կալանքի տանում: Ի վերջո վերանորոգման աշխատանքները 4 տարի առաջ են եղել, ու եթե մենք 4 տարի առաջվա նորմատիվով ենք դիտարկում 2024-ին, բնականաբար պետք է լիներ ոչ պատշաճ, որովհետև 4 տարի անցել է», - փոխանցեց փաստաբան Կոչուբաևը:

«Ես ծանոթ եմ միայն ՍՊԸ-ի մասով, բայց կալանավորման վարույթում ներկայացված են փաստաթղթեր ամբողջ գործի մասով, դրանցից ակնհայտ է, որ կոռուպցիոն դրսևորումներ չկան, գոնե ՍՊԸ-ի մասով: Բայց ես վստահ եմ, որ արդարացումների շղթա է լինելու», - հավելեց նա:

Երեկ հայտնի դարձավ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի ու մյուս տեղակալ Դավիթ Բալասանյանի ձերբակալության մասին, ձերբակալվել են նաև թաղապետարանի աշխատակիցներ ու քաղաքացիներ: «Ազատության» տեղեկություններով, ձերբակալվել է նաև Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գեղամ Կարապետյանը։

Դեռևս չհաստատված տեղեկություններով՝ գործն առնչվում է պետական գնումներին ու պաշտոնեական դիրքի չարաշահմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG