Մատչելիության հղումներ

Կառավարությունը «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ է ստեղծում


Մեծամորի ատոմակայան, արխիվ
Մեծամորի ատոմակայան, արխիվ

Ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարման նպատակով «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերություն կստեղծվի, կառավարությունն այսօրվա նիստում նման որոշում ընդունեց։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ ընկերությունը կստեղծվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ուղեցույցի հիման վրա, կլինի նախարարության ենթակայության տակ, կֆինանսավորվի պետբյուջեից։

«Էներգետիկ ոլորտի մինչև 2024 թվականի ռազմավարության մեջ մենք ունենք, որ գործող ատոմակայանի հարթակում՝ հարակից տարածքում, գործող ատոմակայանի ժամկետի ավարտից հետո այդ փուլում ունենանք առնվազն նոր հզորության նոր էներգաբլոկ, որը կշարունակի գործող ատոմակայանի նման աշխատել։ Այս գործընթացն ավելի կազմակերպված և համակարգային իրականացնելու համար առաջարկում ենք ստեղծել այս կազմակերպությունը», - նիստի ժամանակ հայտարարեց Սանոսյանը։

Կազմակերպությունը նախ որպես պատվիրատու և հսկող մարմին կիրականացնի ողջ շինարարական պրոցեսը, ապա կհանդիսանա նոր ատոմային էներգաբլոկի շահագործողը, եզրափակեց Սանոսյանը։

Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման երկարաձգված ժամկետի ավարտին 12 տարի է մնացել։

Ամիսներ առաջ Հայաստանը ռուսական «Ռուսատոմ»-ին վստահեց ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու աշխատանքները՝ ծախսելով դրա վրա 65 միլիոն դոլար։ Օրեր առաջ ռուսական կողմը հաղորդեց, որ «Ռոսատոմ» ընկերությունը սկսել է գնահատել Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու հնարավորությունը։

Մեծամոր քաղաքի մերձակայքում գտնվող Հայկական ատոմակայանը շահագործման է հանձնվել 1979 թվականին: ՀԱԷԿ-ի աշխատանքը դադարեցվել է Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո՝ 1989 թվականին։ 1995-ին ռուս մասնագետների մասնակցությամբ ատոմակայանը կրկին ակտիվացվել է, ինչից հետո վերսկսվել է կայանի երկրորդ էներգաբլոկի արդյունաբերական շահագործումը։

Ատոմակայանն արտադրում է Հայաստանում ամբողջ էլեկտրաէներգիայի մոտ մեկ երրորդը։ 2021 թվականի նոյեմբերին ավարտվել են էներգաբլոկի լայնածավալ արդիականացման աշխատանքները, ինչը հնարավորություն է տվել երկարաձգել դրա շահագործման ժամկետը մինչև 2026-ը։

Դեռ մայիսին Երևանը հայտնել էր, որ նոր ատոմակայանի կառուցման հարցով բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Հարավային Կորեայի հետ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հուլիսի սկզբին հայտարարեց, որ Հայաստանը Միացյալ Նահանգների հետ առարկայական քննարկումների փուլում է նոր ատոմակայանի կառուցման հարցով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG