«Համաս» (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված) խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանում, հայտարարում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
Իսմայիլ Հանիեն և նրա թիկնապահներից մեկը զոհվել են, երբ նրանց նստավայրը թիրախավորվել է Թեհրանում, հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով ԻՀՊԿ հայտարարությունը։
Գործակալությունը պարզաբանում է, որ նախօրեին Հանիեն Թեհրանում մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշկիանի երդմնակալության արարողությանը։
Իրանը մանրամասներ չի հաղորդել, թե ինչպես է սպանվել Հանիեն։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարձակումը հետաքննվում է:
«Ալ-Հադաս» հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանի ժամանակով գիշերը ժամը երկուսին «բառացիորեն անկողնում»՝ ուղիղ հրթիռի հարվածի հետևանքով։
«Համաս» ծայրահեղական խմբավորումը հարձակումն անվանել է «դավաճանական» և հայտարարել, որ դրա պատճառը «սիոնիստական նենգ հարձակումն է»:
Իրանի պետական հեռուստատեսության վերլուծաբաններն Իսրայելին են մեղադրել հարձակման համար, նշում է The Times of Israel-ը՝ ընդգծելով, որ Իսրայելը չի մեկնաբանել տեղի ունեցածը։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:
Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 39 հազարը։
Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները: