Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի կանխատեսմամբ, ԵՄ հետ անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունները կմեկնարկեն «ամենաուշը հաջորդ տարի»։
«ԵՄ հետ հարաբերություններում մենք խնդիրների ենք բախվելու այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի ուկրաինական հակամարտությունը», - «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի վարչապետը՝ հավելելով, որ «եվրաինտեգրումը շարունակում է մնալ երկրի թիվ մեկ արտաքին քաղաքական առաջնահերթությունը»։
Խոսելով Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների մասին՝ Վրաստանի վարչապետը նշել է, որ Թբիլիսին սպասում է Վաշինգտոնի պատասխան քայլերին։
«ԱՄՆ մեր ռազմավարական գործընկերն է և մենք այժմ գտնվում ենք սպասման փուլում», - նշել է Կոբախիձեն։
«Վրաստանը փոքր երկիր է, իսկ ԱՄՆ՝ շատ մեծ պետություն ահռելի ազդեցությամբ։ Այնպես որ, ամեն ինչ նրանց ձեռքում է», - նշել է վրացական կառավարության ղեկավարը։
Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը, ինչը խիստ քննադատության են ենթարկել իրավապաշտպանները, ՀԿ-ները, անկախ ԶԼՄ-ները և երկրի արևմտյան գործընկերները՝ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 18-ին վետո է դրել օրենքի վրա, սակայն օրենսդիրները մայիսի 28-ին քվեարկությամբ այն շրջանցել են, և նախագիծը մտել է ուժի մեջ:
Բրյուսելը հայտարարեց, որ որոշել է սառեցնել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը, նաև կասեցնել Վրաստանի պաշտպանության նախարարության համար նախատեսված 30 միլիոն եվրոյի հատկացումը։
Մինչ այդ էլ ԱՄՆ-ն չեղարկել էր վրաց-ամերիկյան ամենամյա զորավարժությունները՝ հայտարարելով, թե որոշումը պայմանավորված է «Միացյալ Նահանգների և արևմտյան այլ կառույցների հասցեին կեղծ մեղադրանքներով»։