Մոսկվայի հայտարարությունը Վաշինգտոնի նախընտրական զբաղվածությունից օգտվելու փորձ է, մեկնաբանելով Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունը՝ կարծիք հայտնեց Ամերիկյան համալսարանի դասախոս, քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը։
Ռուսական կողմը պատրաստ է Բաքվի և Երևանի ներկայացուցիչներին նախընտրելի՝ երկկողմ բանակցությունների հարթակ տրամադրել՝ նրանց համար ստեղծելով առավելագույն հարմարավետ պայմաններ, այսօրվա բրիֆինգում ասել է Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ Նա նաև հայտարարել է, թե Հարավային Կովկասի ճակատագիրն ու ապագան պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրներն ու հարևան գործընկեր պետությունները, «դրսից ոչ մեկը հաստատ բարգավաճում ու խաղաղություն մեր ընդհանուր տուն չի բերի»։
Ինչքան էլ հայտարարությունը հերթապահ է, բայց, ըստ քաղաքագետի, հեռահար նպատակներ ունի. - «Ակնհայտ է, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում այլևս հայ-ադրբեջանական բանակցությունները չեն լինելու ամերիկյան ադմինիստրացիայի առաջնահերթությունների թվում։ Ռուսաստանը կարծես թե ևս մեկ անգամ փորձում է օգտվել այս հնարավորությունից՝ այդ բացը լրացնելու կամ ամերիկյան դիվանագիտական զբաղվածությունից օգտվելու համար»։
Վերջին անգամ Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները մեկ տարի առաջ են հանդիպել՝ արտգործնախարարներն են բանակցել, բայց Միրզոյան-Բայրամով-Լավրով եռակողմ ձևաչափով։ Մոսկվան թեև ժամանակ առ ժամանակ հարթակ տրամադրելու առաջարկը կրկնում էր, բայց ռուսական ֆորմատով բանակցություններ չկայացան։
Մոսկվայի այսօրվա առաջարկին Բաքուն շատ արագ պատասխանեց՝ վերահաստատելով Ռուսաստանում բանակցելու պատրաստակամությունը, Երևանը դեռ չի արձագանքել։
Քաղաքագետը Բաքվի մոտ խաղաղության պայմանագրի վերջնականացման պատրաստակամություն չի տեսնում
Նարեկ Սուքիասյանը Բաքվի հայտարարությունը բլեֆ է որակում, իսկ Երևանն, ասում է, լուռ է, քանի որ հայկական կողմի համար ոչ թե ռուսական, այլ արևմտյան հարթակն է նախընտրելի ու վստահելի։ Հայ-ռուսական հարաբերությունները տևական ժամանակ է լարված են։
«Վստահ լինելով, որ Հայաստանը չի ընդունելու այս առաջարկը, Ադրբեջանը շատ լավ ձևով կարող է օգտագործել այս համաձայնությունը՝ ցույց տալու համար, որ Ռուսաստանի հետ իր հարաբերությունները լավ են, որ Ռուսաստանին համարում է գործընկեր, դաշնակից պետություն։ Բայց, ես վստահ եմ, որ չկա որևէ ցանկություն ադրբեջանական կողմում, չկա որևէ բարի կամք և անկեղծություն՝ այս հայտարարության տակ նկատի ունենալու, իրոք, բովանդակային բանակցությունների պատրաստակամություն կամ խաղաղության պայմանագրի վերջնականացման պատրաստակամություն», - նկատեց նա։
Ադրբեջանը հիմա շրջանակային պայմանագրի կամ սկզբունքների մասին փաստաթղթի գաղափարն է առաջ մղում, այդպիսով, ըստ քաղաքագետի հետաձգում խաղաղության պայմանագրի կնքումը։
«Եթե կար մեկ ուժային կենտրոն, որը կարող էր Ադրբեջանի վրա ճնշում գործադրել մինչև տարվա վերջ, մինչև կլիմայի գագաթնաժողովը հասնել նրան, որպեսզի կողմերի միջև պայմանագիր ստորագրվեր, ապա դա Միացյալ Նահանգներն էր, բայց Նահանգներում սկսված նախընտրական քարոզարշավի թոհուբոհը և Բայդենի ադմինիստրացիայում խորքային փոփոխությունները, որոնք տեղի են ունենում այսօր, հետ են մղում այս օրակարգը ամերիկյան առաջնահերթություններից, և հիանալի պատուհան է բացվում Ադրբեջանի համար մինչև տարվա վերջ հաջողությամբ խուսափել այս ճնշումներից և չվերջնականացնել խաղաղության պայմանագիրը», - շեշտեց քաղաքագետը։
Ի՞նչ փուլում են խաղաղության պայմանագրի բանակցությունները
Առաջարկների 10-րդ փաթեթը ստանալու մասին Երևանը մեկ ամիս առաջ հայտարարեց, բայց պատասխանել են, թե՝ ոչ, Արտգործնախարաությունը չի հաղորդում։ Դրան հաջորդեցին Միրզոյան-Բայրամով վաշինգտոնյան բանակցությունները, որից հետո հայտարարվեց պայմանագրի կնքման ուղղությամբ առաջնթացի մասին։ Բայց թե ինչի՞ն էր դա վերաբերում, այդպես էլ չիմացվեց։
Այդ ընթացքում Ադրբեջանի նախագահ Ալիևը սպառնում է, չի հրաժարվում Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելու պահանջից, դեռ նորերն է ավելացնում՝ ակնկալելով նաև ղարաբաղյան կարգավորմամբ զբաղված Մինսկի խումբը լուծարելու համար Երևանի համաձայնությունը, որ համատեղ դիմում ներկայացնեն ԵԱՀԿ։