Մատչելիության հղումներ

Իսրայելը հայտարարում է «Համաս»-ի հրամանատարին սպանելու մասին, «Համաս»-ը չի հաստատում


Իսրայելական կողմը հաղորդել է, որ շաբաթ օրը Գազայի հարավում հարվածի հետևանքով զոհվել է «Համաս» խմբավորման հայտնի դաշտային հրամանատար Ռաֆե Սալամանը, ով Խան Յունիս բրիգադի հրամանատարն էր և ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ի ռազմական թևի հրամանատար Մոհամեդ Դեյֆի տեղակալը, հաղորդում է CNN-ը։

Իսրայելի պաշտպանության բանակը զեկույցում նշում է, որ Սալամանն 2023-ի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման կազմակերպիչներից էր և հենց այդ հարձակումից էլ սկսվել է Իսրայելի և «Համաս»-ի միջև պատերազմը։

Նշվում է, որ հստակ տեղեկություններ չկան անձամբ Մուհամեդ Դեյֆի ճակատագրից, ով իսրայելական հարվածի հիմնական թիրախն էր։ Եթե նրա մահը հաստատվի, ապա Դեյֆը կլինի «Համաս»-ի ամենաբարձրաստիճան հրամանատարը, որ սպանվել է պատերազմի մեկնարկից ի վեր։

«Համաս»-ը չի հաստատում Դեհֆի մահը, փոխարենն Իսրայելին մեղադրում է հարվածի հետևանքով առնվազն 90 խաղաղ բնակչի սպանության համար։

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հրթիռներն ընկել են փախստականների վրանային ճամբարի վրա։ Իսրայելական բանակը հերքել է այս տեղեկությունը։

Իրավիճակը Գազայի հատվածում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման զինյալները Գազայից անսպասելի հարձակում են գործել սահմանամերձ հրեական բնակավայրերի վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել էր:

Ի պատասխան՝ Իսրայելը հայտարարել է ռազմական գործողության մասին, որի նպատակն է «ամբողջությամբ ոչնչացնել «Համաս»-ի ջոկատները Գազայում»:

Գազայի հատվածի բնակավայրերի մեծ մասն ավերակների է վերածվել: Պաղեստինյան անկլավում մարդասիրական աննախադեպ ճգնաժամ է: Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության, որը ենթարկվում է «Համաս»-ին, ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 39 հազար պաղեստինցի։

Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխանը և վարչապետ Բենյամին Նեթանյահուից պահանջում են անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG