«Մեկից կախվածությունը փոխարինել շատերից կախվածության»
Հայաստանը վերջին տարիներին ինտենսիվ աշխատում է իր դիմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ, այսօր «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. գործընկերության մարտահրավերները և հնարավորությունները» ֆորումի ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ շեշտելով դիվերսիֆիկացիան տնտեսության, անվտանգության մեջ։
«Մեկից կախվածությունը փոխարինել շատերից կախվածության, որ մեկը մոնոպոլիա չունենա», - պարզաբանեց Գրիգորյանն՝ այս համատեքստում կարևորելով նաև Հայաստանում ժողովրդավարությունը, ժողովրդավարական ընտրությունները։
«Մենք խորը համոզմունք ունենք, որ ժողովրդավարությունը միանշանակ բարձրացնում է Հայաստանի դիմակայունությունը, և ժողովրդավարությունն այն հիմնական գործիքներից մեկն է, որով Հայաստանը կարողանում է դիմակայել իր սպառնալիքներին։ Շատ կարևոր է ժողովրդավարությունը նաև ներքին անվտանգության տեսանկյունից։ Մենք համոզմունք ունենք, որ ժողովրդավարությունն օգնում է ներքին անվտանգության, տնտեսության զարգացման, տնտեսության ժողովրդավարացման, կոռուպցիայի դեմ պայքարում», - ասաց Գրիգորյանը։
Հայաստանը որքան շատ գործընկեր ունենա իր բարեփոխումներին աջակցող, այնքան Հայաստան ավելի բարձր դիմակայունություն է ունենալու, հայտարարեց Գրիգորյանը՝ կարևորելով նաև գործընկերության ամրապնդումը ԵՄ-ի և ԵՄ անդամ պետությունների հետ։
«Տարածաշրջանում խաղաղությունն ամրապնդում է Հայաստանի դիմակայունությունը»
Գրիգորյանը խոսեց նաև խաղաղությունից՝ համոզմունք հայտնելով, որ տարածաշրջանում խաղաղությունն ամրապնդում է Հայաստանի դիմակայունությունը։
«Խաղաղությունը նոր հնարավորություն է բացում Հայաստանի համար, և մենք շարունակելու ենք աշխատել խաղաղության օրակարգի շուրջ», - հայտարարեց ԱԽ քարտուղարը։
«Նոր ատոմակայանի կառուցումը առարկայական փուլ է մտել»
Խոսելով նոր ատոմակայանի կառուցման մասին՝ Գրիգորյանն ասաց, որ պրոցեսը մտել է առարկայական փուլ։
«Մենք հիմա ԱՄՆ հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտի կարգավորումը, առանց որի մենք չենք կարող առաջ ընթանալ։ Այս պահին, կարող եմ ասել, որ գնդակը ԱՄՆ դաշտում է։ Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի ներհամակարգային պրոցեդուրաներն անցնեն, այնուհետև մենք սկսենք աշխատել, սրանք հարցեր են, որ երկարաժամկետ ենք լուծելու»։
Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման՝ ևս մի անգամ երկարաձգված ժամկետի լրանալուն 12 տարի է մնացել։ Հայաստանում այժմ քննարկում են, թե որ երկրի առաջարկած տեխնոլոգիայով ու ինչ հզորության նոր միջուկային էներգաբլոկ պետք է կառուցել։
Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունից «Ազատության»-ը դեռ մայիսին ասել են, որ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Հարավային Կորեայի հետ բանակցություններ և քննարկումներ են ընթանում: