Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը վարչապետ Գաբրիել Ատալին խնդրել է առայժմ մնալ կառավարության ղեկավարի պաշտոնում երկրի կայունությունը ապահովելու համար, հաղորդում է Ելիսեյան պալատը։
Ֆրանսիայում կիրակի անցկացված խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլից հետո Գաբրիել Ատալն այսօր ժամանել էր նախագահի նստավայր՝ հրաժարական ներկայացնելու համար։
Սակայն լրատվամիջոցները նշում էին, որ Մակրոնը պարտավոր չէ անմիջապես նոր վարչապետ նշանակել։ Ելիսեյան պալատը հասկացրել է, որ նախագահին ժամանակ է անհրաժեշտ իրավիճակը վերլուծելու համար։ Երեքշաբթի նա մեկնելու է Վաշինգտոն՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու նպատակով և վերադառնալու է հինգշաբի օրը։
Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել են ձախ ուժերը։ Ըստ ՆԳ նախարարության՝ «Նոր ժողովրդական ճակատը» խորհրդարանում 182 տեղ կունենա, Մակրոնի «Միասին հանուն Հանրապետության» դաշինքը 168 տեղ, աջ ուժերի «Ազգային միասնությունը» 143 տեղ, կենտրոնամետ «Հանրապետականը»՝ 46 տեղ։