Հայաստանում այս ամսվա կեսին վերստին հայ-ամերիկյան զորավարժություններ կանցկացվեն, նախորդն անցած տարվա սեպտեմբերին էր։
Հուլիսի 15-ից 24-ին ծրագրված «Արծիվ գործընկեր» խորագրով վարժանքներին ամերիկյան կողմից զորավարժությանը կներգրավվեն Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Նպատակը խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններին պատրաստվելն է։
«Ապրի Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանի խոսքով, այս զորավարժությամբ հայկական զինուժը ստանում է գիտելիքների հնարավորություն, պատկերացում, թե ինչպես են աշխատում Նահանգներում:
Ռազմական փորձագետը կարևորում է համագործակցության ձևաչափի ընդլայնումը
«Բնականաբար, այս ձևաչափում մենք չենք ստանում ամեն ինչ, ինչ որ մեզ պետք է, բայց շատ կարևոր է նշել, որ ամենապետքական բանը սովորել սովորելն է, ու այդ ձևաչափով ինքը նախկինում էլ է ահագին օգնել, այն սպաերը, որ մենք ունենք, լեզուների են տիրապետում, որ գիտեն շփվելու արևմտյան երկրների բանակների հետ, իրենք անցել են այդ խաղաղապահ մեր բրիգադի միջով, անցել են տարբեր ձևաչափով պատրաստություն դրսում», - նշեց Ներսիսյանը:
Հայաստանի Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, զորավարժության նպատակն է բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը, նաև համագործակցության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում։
Ամերիկյան կողմը հաղորդում է, որ խաղաղապահ գործողության ընթացքում կանցկացվեն հրաձգության, կայունության, զենքերի ծանոթացման, տեղանքի կառավարման դասընթացներ։ Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության փոխանցմամբ՝ դրանք կօգնեն, որ երկու երկրները ծանոթանան միմյանց տեխնիկային։
«Անցած տարիներին Կանզասի ազգային գվարդիան սերտ համագործակցություն է հաստատել Հայաստանի հետ։ Մեր հայ գործընկերների հետ կողք կողքի աշխատելը «Արծիվ գործընկեր» վարժանքների շրջանակում ամրապնդում է վստահությունն ու ընկերությունը մեր երկրների, ինչպես նաև բանակի տղամարդկանց ու կանանց միջև», - իր հերթին ասել է Կանզասի գեներալ ադյուտանտ Միքայել Վեներդին։
Կանզասի ազգային գվարդիան հայկական զինուժի հետ համագործակցում է դեռ 2003 թվականից, իսկ «Արծիվ գործընկեր»-ը նախատեսված է ամրապնդել երկու երկրների միջև երկարամյա գործընկերությունը։
Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը կարևորում է համագործակցության այս ձևաչափի ընդլայնումը, երբ խաղաղապահներից բացի մասնակցում են նաև ցամաքային և հակաօդային պաշտպանության զորքերը։
«Պատրաստ լինեն և իմանան պատերազմի արևմտյան ձևը պատերազմի, նաև ԱՄՆ-ից, որը այս պահին շարունակում է լինել ավանգարդում ռազմական մտքի», - ընդգծեց փորձագետը:
Հայ-ռուսական լարվածության պայմաններում հայ - ամերիկյան անցած տարվա զորավարժությունները պարբերաբար քննադատում էր պաշտոնական Մոսկվան, այս մեկին դեռ չեն արձագանքել։ Այս ընթացքում պաշտոնական Երևանը տևական դժգոհությունից հետո սառեցրեց անդամակցությունը ՀԱՊԿ-ին։
Քաղաքական մեկնաբանի կարծիքով՝ հայ-ամերիկյան այս համագործակցության հիմքում երկուստեք տրամադրվածությունն է
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ հայ - ամերիկյան այս համագործակցության հիմքում երկուստեք տրամադրվածությունն է, բայց գաղափարը գալիս է ԱՄՆ-ից։ Իսկ Հայաստանը չի մերժում՝ հասկանալով, որ ռուսական անվտանգության մեխանիզմները Կովկասում չեն աշխատում։
«Փորձում է արևմտյան խաղացողների հետ իր հարաբերությամբ նրանց մոտ ձևավորել պատասխանատվություն Կովկասի կայունության և ըստ այդմ առաջին հերթին Հայաստանի շուրջ անվտանգության միջավայրի կառավարման իմաստով», - ասաց Բադալյանը։
Նախորդ զորավարժությանը մասնակցել էին 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողներ։ Այս անգամ կողմերը թվակազմի մասին տեղեկություն դեռ չեն տվել։
«Մեզ հայտնի է, որ դրանք նոր չեն, տարբեր ձևաչափերով տեղի են ունեցել թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի դուրս, տարբեր ձևաչափով նկատի ունեմ ոչ միայն հայ-ամերիկայն, այլ նաև Հայաստան-ՆԱՏՕ ձևաչափով կամ այլ գործընկերային ձևաչափերով», - հայտարարեց Հակոբ Բադալյանը:
Քաղաքական մեկնաբանի գնահատմամբ՝ Ռուսաստանը հակազդող գործողություն կանի միայն այն դեպքում, երբ գործընթացն իր համար տեղափոխվի ռազմավարական ռիսկերի դաշտ. - «Այն քաղաքական իրողությունները, որ կան նաև հայ-ամերիկյան գործակցության դաշտում թեկուզ պաշտպանական բնագավառում, ես կարծում եմ, Մոսկվայի համար ներկայումս չի էլ պարունակում գործնական մտահոգությունների կամ գործնական խանդի տարրեր»:
Հայ-ամերիկյան զորավարժություններն անցած սեպտեմբերին քննադատել էր նաև Իրանը, պնդել, թե դրանք կարող են էլի ավելի բարդացնել իրադրությունը տարածաշրջանում։
Ի դեպ, հայ-ամերիկյան վարժանքների հայտարարությանը զուգահեռ այսօր հայտնի դարձավ, որ Վաշինգտոնը անորոշ ժամանակով հետաձգել է Վրաստանում հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 6-ը նախատեսված «Ազնիվ գործընկեր» ամենամյա զորավարժությունները։ Ըստ ամերիկյան կողմի՝ պատճառը ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների հասցեին վրացական կառավարության կեղծ մեղադրանքներն են, թե փորձ է արվել Վրաստանին ճնշել Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու համար։ Պաշտոնական Թբիլիսին ափսոսանք է հայտնել Վաշինգտոնի որոշման կապակցությամբ։