ԱՄՆ սենատոր Ռոջեր Վիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Ըստ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության՝ պատվիրակության անդամները ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանության հետևանքով 1915-1923թթ․ ընթացքում 1,5 մլն հայ է սպանվել, հարյուր հազարավորները ենթարկվել են բռնության ու բռնի տեղահանության։
2021 թվականին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին նախագահական ուղերձով ճանաչեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: 2019 թվականին ամերիկյան օրենսդիր մարմնի երկու պալատներն էին հատուկ բանաձևերով, ընդ որում Սենատը՝ միաձայն, հաստատել Հայոց ցեղասպանության փաստը և դատապարտել այն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շուրջ երեք տասնյակ պետություններ և միջազգային կառույցներ։