Մատչելիության հղումներ

Ըստ փորձագետի՝ ԵՄ-ում Երևանից ռուսական ուղեծրից հեռանալու կոնկրետ քայլեր են ակնկալում


ԵՄ գագաթնաժողովը հունիսի վերջին հաստատեց ԵՄ նոր ղեկավարներին․ Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Կոստան նշանակվեց Եվրոպական խորհրդի նախագահ, Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը՝ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար, Ուրսուլա ֆեն դեր Լայենը՝ երկրորդ ժամկետով Եվրահանձնաժողովի ղեկավար։

Ըստ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի եվրոպական հարցերով փորձագետ Ռիկարդ Յոզվիակի՝ անհատական առումով սա լավագույն կազմն է, որ Հայաստանը կարող էր հուսալ: Այս կազմը, փորձագետի կարծիքով, Հայաստանի օգտին է ԵՄ ձգտումներում։

«Հիմա այն բաների մասին, որոնք ձեր օգտին չեն․ ընդլայնումը որոշում են ԵՄ բոլոր անդամ երկրներն՝ ազգային մայրաքաղաքներում։ Ես հիմա կարծում եմ, որ այդ ընդլայնումը կարող է այլևս այդքան պոպուլյար չլինել: Խոսքս հատկապես, օրինակ, Հոլանդիայի նոր կառավարության մասին է, որը բավականին թերահավատորեն է վերաբերվում նոր ընդլայնմանը։ Ես մտածում եմ Ֆրանսիայում սպասվող ընտրությունների մասին, որտեղ Լը Պենը, նույնիսկ չհաղթելու դեպքում, խորհրդարանում շատ մեծ թվով պատգամավորներ կստանա։ Եվ նրանք առանձնապես կողմնակից չեն ընդլայնմանը: Այնպես որ, ինձ ավելի շատ մտահոգում են առանձին անդամ երկրները ու նրանց դժկամությունն ավելի շատ երկրներ ընդունելու համար, ինչպես նաև ապագայում Հայաստանի անդամակցության վրա վետո դնելու հնարավորությունը։ Կարծում եմ՝ լավ է, որ այս մարդիկ Բրյուսելում կան։ Բայց պետք է մարդիկ ունենալ նաև տարբեր մայրաքաղաքներում, մարդիկ ովքեր հայամետ են և կողջունեն եվրոպական ընդլայնումը», - ասաց Յոզվյակը։

Դիտարկմանը, թե այնուամենայնիվ դեռ հնարավորություն կա, որ Հայաստանը ստանա թեկնածու երկրի կարգավիճակ, փորձագետն այսպես արձագանքեց․ - «Անկախ նրանից, թե դուք թեկնածուի կարգավիճակ կստանաք առաջիկա հինգ տարիների ընթացքում, դուք միշտ կարող եք դիմել, դա միշտ էլ հավանական է։ Բայց խնդիրն այն է, որ, ինչպես ես լսում եմ նաև Եվրամիությունից և Բրյուսելից, նրանք ասում են՝ «այո՛, բայց մենք ուզում ենք տեսնել կոնկրետ քայլեր, որ դու հեռանում ես ռուսական ուղեծրից»։ Իսկ դա նշանակում է հեռանալ ՀԱՊԿ-ից, դա նշանակում է դուրս գալ Մաքսային միությունից։ Եվ նրանք իրականում այնքան էլ չեն հավատում, որ Հայաստանն իսկապես պատրաստ է անել այդ քայլերը Ռուսաստանի հետ, քանի որ նրանք դեռ որոշակի առումով ապրում են 2013 թվականին տեղի ունեցածի ստվերում, երբ Հայաստանը պետք է ստորագրեր Եվրամիության ասոցիացման համաձայնագիրը, բայց վերջին պահին հեռացավ։ Նախքան խոսելը, պետք է քայլեր ձեռնարկել: Եվ դա այն է, ինչ նրանք ցանկանում են տեսնել՝ նախքան պատրաստ լինելն ամբողջությամբ ընդունել Հայաստանի ընթացքը դեպի Արևմուտք»:

Ասոցացման համաձայնագրի շուրջ ավելի քան երեք տարի Եվրամիության հետ բանակցելուց հետո, 2013 թվականի սեպտեմբերին, Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը, ապա՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշման մասին։ Տարիներ անց Հայաստանը և Եվրամիությունը հարաբերությունները խորացնելու համար նախաստորագրեցին մեկ այլ՝ համապարփակ շրջանակային համաձայնագիր, որը ստորագրվեց 2017-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում։

Վերջին ամիսներին Երևանից ավելի ու ավելի հաճախ են հնչում եվրոպական ձգտումների մասին վկայող հայտարարություններ, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակներով։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Հայաստանը պատրաստ է մոտ գտնվել ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր է համարում»։ Հայաստանյան 4 քաղաքական ուժեր նույնիսկ առաջարկում են Հայաստանի Եվրամիության անդամակցության հարցով հանրաքվե անցկանել։

Այս տարվա մարտին Եվրախորհրդարանն ընդունեց Եվրամիության և Հայաստանի միջև կապերի մասին հատուկ բանաձևը, որով կոչ արեց եվրոպական հանձնաժողովին ու խորհրդին աջակցել Երևանին Բրյուսելի հետ համագործակցությունն ընդլայնելու հարցում։

Ռիկարդ Յոզվիակի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG