Հայաստանը պատրաստ է մեկ ամսում ամբողջությամբ ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի տեքստը և ստորագրել խաղաղության պայմանագիրն Ադրբեջանի հետ, այսօր Տալլինում, Էստոնիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում, հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով՝ Հայաստանը գրեթե վերջնականացրել է խաղաղության պայմանագի նախագծի տեքստը։
«Ես չեմ կարող ասել, որ մենք տեսնում ենք դրական արձագանք Ադրբեջանից այս առաջարկին՝ ստորագրել խաղաղության համաձայնագիրը մեկ ամսում», - ընդգծեց Միրզոյանը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասաց՝ խորապես հավատում է, որ այժմ Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու պահն է, և այդ խաղաղությունը, նրա խոսքով, օգտակար կլինի տարածաշրջանի բոլոր երկրների և մարդկանց համար։
«Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ և ակնկալում ենք մեր գործընկերների ամուր աջակցությունը, ովքեր հետաքրքրված են Հարավային Կովկասում կայունությամբ և երկարատև խաղաղությամբ», - հայտարարեց Միրզոյանը։
Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթը։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ ասաց, որ Երևանն այժմ աշխատում է դրանց ուղղությամբ։ Նա դժվարացավ հստակեցնել՝ կողմերը մոտեցե՞լ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, թե՝ ոչ՝ ընդգծելով, որ քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ։
Թեև Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է մեկ ասվա ընթացքում խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, Բաքուն նոր թեմաներ է առաջ քաշում՝ պահանջելով Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։
«Հայաստանը կտրականապես դեմ է պատերազմին»
Պատասխանելով Էստոնիայի հանրային հեռարձակողի հարցին, թե ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ, Միրզոյանը պատասխանեց․ - «Իհարկե Հայաստանը կտրականապես դեմ է պատերազմին, մենք չենք կարող դա հանդուրժել ոչ միայն մարդկային տեսանկյունից, այլ նաև այն առումով, որ մենք նույնպես բախվել ենք այդ նույն արհավիրքին մեր տարածաշրջանում։ Մենք տեսել եք, թե ինչպես է քաղաքացիական բնակչությունը բռնի տեղահանվում, ինչպես են քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորվում և այլն։ Պատերազմը մշտապես սարսափելի բան է, և մենք կտրականապես դեմ ենք պատերազմին։ Մենք աջակցում ենք ոչ միայն խաղաղությանն ու կայունությանը, այլև երկրների տարածքային ամբողջականությանը։ Մենք միայն կարող ենք կոչ անել երկրներին դադարեցնել թշնամությունը»։