Ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը և դեմոկրատական սենատոր Ռիչարդ Բլումենթալը ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որով Ռուսաստանը համարվելու է «ահաբեկչությունը պետական մակարդակով հովանավորող երկիր»: Այդ մասին հաղորդում է «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությունը:
Ըստ ամերիկյան օրենսդրության, ահաբեկչությունը հովանավորող պետություններ են համարվում Կուբան, Իրանը, Հյուսիսային Կորեան և Սիրիան։
«{Նախագահ Վլադիմիր} Պուտինի Ռուսաստանն ահաբեկչության հովանավոր պետություն է, և վաղուց ժամանակն է դա օրենքով պաշտոնապես ճանաչել», - ասված է Գրեմի հայտարարության մեջ:
Բլումենթալն, իր հերթին, հայտարարության մեջ նշել է, որ Ռուսաստանը «վաստակել է» իր տեղը վտարանդիների ակումբում:
«Ռուսաստանը որպես ահաբեկչությունը հովանավորող պետություն ճանաչելը թույլ կտա ԱՄՆ-ին ավելի ագրեսիվ պայքարել Պուտինի գործելակերպից բխող վտանգի դեմ, որը սպառնում է ազատությանն ու ժողովրդավարությանը, պայքարել նրա դաժանության դեմ», - նշել է դեմոկրատ սենատորը:
Օրինագծի ընդունումը կունենա տարատեսակ հետևանքներ, այդ թվում՝ Վաշինգտոնին կընձեռի Ռուսաստանի հետ համագործակցող երկրների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորություն: Մասնավորապես, դա կարող է է՛լ ավելի ընդլայնել Ռուսաստանի համար հասցեագրված երկակի նշանակության ապրանքների ցանկը։
Առաջին երկիրը, որը Ռուսաստանը պաշտոնապես հայտարարեց ահաբեկչական պետություն, Լիտվան էր։ 2022 թվականի մայիսի 10-ին Լիտվայի Սեյմը միաձայն՝ 128 կողմ, ընդունել է նման բանաձևը, որը հետագայում ընդունել են Ուկրաինան, Լատվիան, Էստոնիան, Չեխիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, իսկ 2023-ի փետրվարին՝ Սլովակիան։
2022-ի նոյեմբերի 23-ին Եվրախորհրդարանը 494 կողմ քվեներով ընդունել է բանաձև, որով Ռուսաստանը ճանաչվել է ահաբեկչությունը հովանավորող պետություն:
Նույն տարվա աշնանը նմանատիպ որոշումներ են կայացրել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը, իսկ 2023-ի ամռանը՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը։