Հունիսի լույս 21-ի գիշերը Ղրիմի, Կրասնոդարի երկրամասի, Բրյանսկի և Վոլգոգրադի շրջաններն անօդաչու սարքերի հարձակման են ենթարկվել։
Կրասնոդարի երկրամասի իշխանությունները հաստատել են, որ առնվազն երեք շրջաններ ենթարկվել են ուկրաինական ԱԹՍ զանգվածային հարձակման։ Ըստ օպերատիվ շտաբի՝ բոլոր հարձակումները հետ են մղվել։
Նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտարարել է, որ կործանված ԱԹՍ բեկորներից Կրասնոդարում կաթսայատան և "Южный" ավտոկայանի շենքերը վնասվել են, կաթսայատան աշխատակիցը մահացել է։ Հաղորդվում է նաև չորս վիրավորի մասին։
Օպերատիվ շտաբը նշում է, որ Սևերսկի շրջանի նավթավերամշակման գործարանի տարածքում անօդաչու թռչող սարք է «ընկել», վնասվել են վարչական շենքեր, հրդեհ է բռնկվել, որն ավելի ուշ մարվել է։ Հաղորդվում է երկու վիրավորի մասին։
Ռուսական և ուկրաինական տելեգրամյան ալիքները պայթյունների և հրդեհների տեսանյութեր են հրապարակել՝ բնակիչների կողմից նկարված։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է հարյուրից ավելի ուկրաինական անօդաչու թռչող սարքեր որսալու և ոչնչացնելու մասին, այդ թվում՝ բռնակցված Ղրիմի հատվածում, 43-ը՝ Կրասնոդարի երկրամասի և Վոլգոգրադի շրջաններում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, սակայն, ոչինչ չի նշել չխոցված անօդաչու թռչող սարքերի և դրանց հետևանքների մասին։
Ուկրաինան դեռ չի մեկնաբանել այս հաղորդումները։