Մատչելիության հղումներ

Լրտեսվել, թվային անվտանգություն. ի՞նչ ռիսկեր կան տեսախցիկներ տեղադրելու ոստիկանության պլաններում


Խորհրդարանում առաջին ընթերցմամբ արդեն ընդունված հանրային վայրերում տեսախցիկներով հսկողության մասին օրենսդրական փաթեթը վտանգներ է պարունակում թվային անվտանգության, ինչպես նաև կոնկրետ մարդկանց լրտեսելու ռիսկերի տեսանկյունից, կարծում է մասնագետը։ Իր հերթին ընդդիմությունը մտահոգ է՝ իշխանության քննադատները կարող են 24/7 ռեժիմով հսկողության տակ հայտնվել։

Չկա վստահություն, ունենք դեպքեր. Գեղամ Մանուկյան

«Չկա վստահություն, որովհետև ունենք մի քանի դեպքեր, երբ կոնկրետ պետական կարևորագույն սերվերների տեսանյութերը հայտնվում են Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի, Վահագն Ալեքսանյանի, ՔՊ-ի Սիվիկ-ի, սունկ կայքերում», - ասաց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Հայաստան դաշինք»-ի պատգամավորն օրինակներ ունի, թե ինչպես են ընդդիմադիրներին հետևել «Զվարթնոց»-ի կամ Ազգային ժողովի տեսախցիկներով։ Ասում է՝ դժվար չէ կռահել, որ հիմա նոր ընդունված փաթեթից հետո հետևելու գործիքները կավելալան։

«Իշխան Սաղաթելյանը գործնական ճամփորդության էր մեկնում, «Զվարթնոց»-ի վիպ սրահի, որի համար վճարում ես նաև, լուսանկարները հայտնվեցին մամուլում։ Ցանկը, որ նայում եք, ցանկացած հաստատության տեսանյութ հայտնվում է ոստիկանության ձեռքում։ Եթե կան այսքան բացառություններ, նշանակում է՝ քաղաքական նպատակներով ոստիկանությունն ամբողջությամբ տիրապետելու է», - ասաց նա։

Ներքին գործերի նախարարության առաջարկով առաջին ընթերցմամբ արդեն ընդունված նախագծով 50 քառ/մ-ից մեծ սրճարանների, ռեստորանների, դեղատների, հյուրանոցների, առևտրի վայրերի ու այլ տնտեսվարողների համար պարտադիր կդառնա շինությունների մուտքին ու մյուս կողմերին տեղադրել տեսախցիկներ և դրանց նկարածը դիտելու հասանելություն տալ Ոստիկանությանը։

Ներքին գործերի նախարարի տեղակալն անցյալ շաբաթ խորհրդարանում հիմնավորում էր՝ սա հնարավորություն կտա կանխել հանցագործություններ ու ավելի հեշտությամբ բացահայտել արդեն կատարվածը։

Տեսախցիկներ այսպես թե այնպես մասնավոր բիզնեսը տեղադրում է իր տարածքում առանց Ներքին գործերի նախարարության կողմից օրենքով պարտադրելուն, նկատում է թվային անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը։ Խնդիրը, ըստ նրա, այդ տվյալների մշակման հնարավորությունը Ոստիկանությանը տալն է։

«Իշխանությունները փորձ են անում բոլորը միավորել մեկ ընդհանուր համակարգի մեջ և հնարավորություն ստանալ կենտրոնացված կերպով ամբողջ քաղաքից տվյալներ հավաքել, բնականաբար հրապարակային վայրերից։ Դա նշանակում է, որ Ոստիկանությունը, ԱԱԾ-ն կարողանում են որևէ մարդու հետևել ամբողջ քաղաքով մեկ», - նշեց նա։

Թվային անվտանգության լուրջ ռիսկեր կան. Արթուր Պապյան

Առաջին հայացքից կարելի է մտածել, թե ոստիկանությունը չի կարող բավարար ռեսուրս ունենալ հազարավոր տեսախցիկներով որևէ մեկին հետևելու համար, սակայն այստեղ կարող են օգնության հասնել արհեստական բանականության գործիքները. - «AI-ի միջոցով կարելի է նաև բավական լավ դեմքը ճանաչել, այսինքն՝ արդեն կա տեխնիկական հնարավորություն, որ ոչ թե ինչ-որ երկու մարդ նստեն կամերայի առաջ, 24 ժամ նայեն, AI-ին հանձնարարում ես, որ այս դեմքը որտեղ տեսար, նշի, և AI-ը կարողանում է այդ ամբողջ քաղաքի մակարդակով ինչ-որ մարդու հետևել»։

Արթուր Պապյանը վստահ չէ, որ Ոստիկանությունը Հայաստանում, որտեղ ընդունված է ծանոթ-բարեկամների միջոցով հարցեր լուծելը, չի ունենա արտահոսքեր քաղաքական ընդդիմության, տարբեր փոքրամասնությունների ներկայացուցիչների մասին, կամ ենթադրենք՝ տվյալները չեն վերլուծվի իրավապահ համակարգի բարձաստիճան աշխատողների կանանց կամ ամուսիններին հետևելու համար։

Հանրային վայրերում անձնական կյանքի դրվագները համակարգի համար տեսանելի դարձնելուց բացի, թվային անվտանգության լուրջ ռիսկեր կան։ Պապյանը հիշեցնում է, որ 2020 թվականի վերջին ադրբեջանական կայքերում էին հայտնվել Երևանի փողոցային տեսախցիկների նկարահանումները, կոտրվել էր այս տեսախցիները շահագործող Parking city service ընկերության համակարգը։

«Ես չեմ հավատում, որ եթե Apple-ը, Google-ը ու Microsoft-ը չեն կարողանում լիարժեք անվտանգություն ապահովել, Հայաստանի իշխանությունները կկարողանան, նաև հաշվի առնելով, որ այստեղ շատ անհամասեռ ցանց է լինելու, կարելի է չեզոքացնել, նվազագույնի հասցնել, բայց իրականում վերջնական անվտանգություն չի լինելու։ Այդ իմաստով ավելի նախընտրելի էր ավելի բաժանված ցանց ունենալ, տարբեր փոքր կետեր, որոնք կարող էին առանձին վերցված կոտրվել, բայց գոնե դա չէր լինի մի ամբողջ ծածկույթի մեջ», - ասաց նա։

Անվտանգության մասնագետների կամ քաղհասարկության ներկայացուցիչների կարծիքը, սակայն, ո՛չ Կառավարությունը, ո՛չ Ազգային ժողովը չի հարցրել, այս նախագծի ընդունումից առաջ որևէ հանրային քննարկում չի եղել։ Ավելին, հաշվի չեն առել անգամ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության տված ծավալուն բացասական եզրակացությունը օրենսդրական փաթեթի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG