Փհենյան այցից առաջ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Հյուսիսային Կորեային Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին աջակցելու համար, աշխարհից մեկուսացած թերակղզուն խոստանալով համատեղ ջանքերով հաղթահարել միջազգային ցավոտ պատժամիջոցները։ Այդ մասին Վլադիմիր Պուտինը գրել է իր հեղինակած հոդվածում, որը հրապարակվել է Հյուսիսային Կորեայի պաշտոնաթերթում։
Հյուսիսային Կորեայի առաջնորդի հրավերով այսօր մեկնարկում է ՌԴ նախագահի երկօրյա այցը Փհենյան։ Ուկրաինայի դեմ պատերազմն էլ ավելի է մերձեցրել վաղեմի դաշնակիցներին, այդ թվում՝ Մոսկվային մատակարարվող հյուսիսկորեական զենքի շնորհիվ։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ Պուտինի այցը հագեցած օրակարգ ունի, երկու երկրները ծրագրում են ստորագրել ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագիր, որի մանրամասները, սակայն, Կրեմլի ներկայացուցիչը չի հայտնել, փոխարենը շեշտել է՝ այն սադրիչ չէ և ուղղված չէ այլ երկրների դեմ։
Հյուսիսային Կորեան չնայած իր համեմատաբար փոքր տարածքին և բնակչությանը, աշխարհում չորրորդ տեղն է զբաղեցնում զինված ուժերի ծավալներով՝ մոտ մեկ միլիոն 300 հազար զինծառայող, ինչը երկրի ընդհանուր բնակչության 5 տոկոսն է։
Այդ ռազմական մեքենան զենքով և զինամթերքով ապահովելու համար աշխատում է երկրի ողջ բնակչությունը։ Բացի այդ, Հյուսիսային Կորեայի գոյության ողջ ընթացքում Փհենյանի զենքի հիմնական մատակարարներն էին Ռուսաստանը և Չինաստանը։ Արևմտյան հետազոտողները նշում են, որ բացի իր սեփական բալիստիկ հրթիռներից, Հյուսիսային Կորեան խորհրդային և չինական հին սպառազինության մեծ պաշարներ ունի իր զինանոցում, որոնք դեմ չէր լինի փոխանակել, օրինակ, պարենի հետ, ինչի սղությունը երկրի բնակչությանը կանգնեցրել է սովի վտանգի առաջ։
Հարավային Կորեայի Կուկմին համալսարանի ավագ վերլուծաբան Տերտիցկիի կարծիքով՝ այս երկու երկրների հարաբերություններն այսօր շատ արագ և խորն են զարգանում. - «Սա Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների նոր փուլ է, շատ պրագմատիկ հարաբերությունների նոր փուլ, երբ Ուկրաինայի դեմ պատերազմը նախաձեռնած Ռուսաստանը ստանում է Փհենյանից այդքան անհրաժեշտ սպառազինությունը՝ փոխարենը տալով Հյուսիսային Կորեայի համար չափազանց կարևոր էներգակիրներն ու մթերքը»։
Սա Պուտինի երկրորդ այցն է Հյուսիսային Կորեա իր ավելի քան 20-ամյա պաշտոնավարման ընթացքում։ Առաջին անգամ նա Փհենյան էր ժամանել դեռևս Կիմ Չեն Ընի հոր նախագահության օրոք։ Վերջին տարիներին, չնայած միջազգային ցավոտ պատժամիջոցներին, Կիմ Չեն Ընի վարչակազմը կարողացել է զգալի առաջընթաց արձանագրել միջուկային ծրագրերում։
«Մենք չենք անհանգստանում Պուտինի այցի համար, բայց մեզ մտահոգում է այս երկու երկրների հարաբերությունների խորացումը», - երեկ լրագրողներին ասել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին, - «Այս անհանգստությունը ոչ միայն այն պատճառով է, որ այդ խորացումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Ուկրաինայի ժողովրդի վրա, քանի որ մենք գիտենք, որ հյուսիսկորեական բալիստիկ հրթիռները դեռ օգտագործվում են ուկրաինական թիրախները խոցելու համար, այլ նաև այն պատճառով, որ այստեղ կարող է լինել որոշակի փոխադարձություն, ինչն իր հերթին կարող է ազդել կորեական թերակղզու անվտանգության վրա»։