Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեա և Թուրքիա, ինչպես նաև այլ երկրներ այցելելու հրավեր է ստացել, երեկ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցառումներին մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Այց Թուրքիա: Ի դեպ, ինձ հարցրել են նաև Հյուսիսային Կորեա այցելելու մասին, կարող եմ ասել, որ նախագահ Պուտինը հրավեր ունի այս երկու երկրներից` նրանց ղեկավարներից և իր շատ այլ օտարերկրյա գործընկերներից»,- ասել է Լավրովը՝ շեշտելով՝ Պուտինի շփումների ժամանակացույցը ձևավորվում է Կրեմլում՝ նրա վարչակազմի կողմից։
Ավելի վաղ թուրքական Türkiye թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Պուտինին Թուրքիայում սպասում են փետրվարի 12-ին՝ այլ մանրամասներ չհաղորդելով։
Իր հերթին, Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ նախապատրաստվում է Պուտինի այցը Թուրքիա։ Մեկնաբանելով նախագահի հնարավոր այցը Հյուսիսային Կորեա՝ Պեսկովը նշել է, որ նման այց չի նախատեսվում մինչև 2024 թվականի ընտրությունները։
Նախագահական ընտրությունները Ռուսաստանում նշանակված են մարտի 17-ին: