Մատչելիության հղումներ

Փաշինյանն այցելել է Սյունիք, խոսել սահմանազատումից ու խաղաղությունից


Վարչապետը հանդիպում է Ճակատենի բնակիչների հետ, հունիսի 16, 2024թ.
Վարչապետը հանդիպում է Ճակատենի բնակիչների հետ, հունիսի 16, 2024թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզի Ճակատեն գյուղ, բնակիչների հետ խոսել նաև խաղաղության մասին։

«Գալիս մտածում էի՝ ոնց անենք, որ Ճակատեն գյուղը զարգանա, այստեղ պիտի հազարավոր տուրիստներ գան, բայց փաստն այն է, որ առանց խաղաղության հնարավոր չէ դա», - իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում տեղացիների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա հետաքրքրվեց տեղի խնդիրներից, ի պատասխան բնակիչներն ասացին, որ իրենց անասունները գնում են արտովայրեր ու հետ չեն գալիս։ Վարչապետը լուսանկարով ցույց տվեց, թե ինչպես են այդ խնդիրը լուծել Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում՝ նշելով, որ այդ հատվածում սահմանի երկայնքով տեղադրված փշալարե ցանկապատն անհնար է դարձնում՝ անասունն անցնի մյուս կողմ։

Վարչապետն այնուհետև Ներքին Հանդ է այցելել, ասել, որ այստեղ ևս սահմանազատում է սպասվում։ Ժամանակացույց, սակայն, նա չի ասել։

2022-ի սեպտեմբերին հարձակման ժամանակ Ադրբեջանի վերահսկողությանն են անցել Ներքին Հանդի հողատարածքները, գերեզմանը, խմելու ջրի փականները։

Իսկ 2021-ին մի գիշերում Կապանից Ճակատեն տանող ճանապարհը փակվեց, ադրբեջանցիները մաքսակետ տեղադրեցին։ Կապանից դեպի Ճակատեն ու ևս 5 գյուղեր նոր ճանապարհի անհրաժեշտությունն առաջացավ։ Վարչապետն այսօր այնտեղ էլ է այցելել՝ կից գրելով, որ Կապան-Ճակատեն ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են 2022թ.:

  • Տավուշ-Ղազախ հատվածում սահմանազատումը մասնակի տեղի ունեցավ, Հայաստանը վերադարձնեց Ադրբեջանի պահանջած չորս գյուղերը՝ դրա դիմաց չստանալով 90-ականների պատերազմի ժամանակ Ադրբեջանի վերահսկողությանն անցած Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները: Այդ մասում սահմանազատում չիրականացվեց։
  • Վարչապետը դեռ չի մանրամասնել՝ սահմանազատվող հաջորդ հատվածները որոնք են լինելու։ Միայն հայտարարել է՝ հանձնաժողովներն այժմ համաձայնեցնում են համատեղ աշխատանքի կանոնակարգը, դա պետք է ստորագրվի, ապա անցնի ներպետական ընթացակարգերով, դրանով պետք է սահմանազատումը շարունակվի։ Ըստ պայմանավորվածության՝ համաձայնեցումը պետք է ավարտվի մինչև հուլիսի 1-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG