Մատչելիության հղումներ

Թալինի դաշտերում արևակայան կառուցելու ծրագիրը դեռևս չի մեկնարկել. ինչո՞ւ


Թալինի դաշտերում այժմ «Այգ 1» արևակայանի շինարարությունը պետք է ընթանար։ Տարածքում, մինչդեռ, աշխատանքների հնարավոր մեկնարկի որևէ նշույլ չկա։ 174 միլիոն դոլարանոց կայան կառուցելու պայմանավորվածությունից 5 տարի անց գործադիրից առայժմ ընթացող բանակցությունների մասին են հայտարարում:

Այս մարտին էկոնոմիկայի նախարարի պաշտոնը ստանձնած Գևորգ Պապոյանն այժմ ոչ ժամկետ է նշում, ոչ փակագծեր բացում, ոչ էլ պարզաբանում, թե ինչո՞ւ ծրագիրը մինչ օրս չի էլ մեկնարկել, այն դեպքում, երբ արաբական նույն ընկերությունը Ադրբեջանում արևակայան կառուցելու նախագիծը ոչ միայն ավարտել է, այլ այն արդեն շահագործվում է։ Բայց նախարարը լավատես է:

«Այգ 1» -ը արաբական «Մասդար» ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի համատեղ ծրագիրն է, կողմերը պետք է միասին ներդրումներ անեին։ «ԱՆԻՖ»-ն այլևս դա անել չի կարող, այն այժմ լուծարվում է։

Կառավարությունը շաբաթներ առաջ որոշեց ֆոնդի բոլոր բաժնետոմսերը Էկոնոմիկայի նախարարությունից փոխանցել Պետական գույքի կառավարման կոմիտե։ Թե ի՞նչ հիմնավորմամբ են փակում պետական ֆոնդը պաշտոնական բացատրություններ չկան։ Պաշտոնյաները միայն նշում են՝ ԱՆԻՖ-ում խնդիրներ են հայտնաբերվել։ Ֆոնդը լավ չի կառավարվել, ասում է էկոնոմիկայի նախարարը:

Փորձագետները, մինչդեռ, չեն բացառում՝ ձախողման պատճառները գուցե նաև կոռուպցիոն սխեմաներն են։ Պետական վերահսկողական ծառայությունն այս տարեսկզբին հայտարարեց՝ 2019-ին ստեղծված ԱՆԻՖ-ում ուսումնասիրությունները ցույց են տվել՝ ստացած գումարները արդյունավետ չի օգտագործվել. 2019-2023 թվականներին ֆինանսական միջոցները կազմել են շուրջ 5 միլիարդ դրամ, դրա մեծ մասը հարկատուների գրպանից։

ՊՎԾ-ն փակագծեր էր բացել. օրինակ, ղեկավար կազմի պաշտոնատար անձինք զգալի պարգևավճարներ են ստացել, չնայած իրենց առջև դրված խնդիրները չեն կատարվել։ Թե ի՞նչ չափի ու որքա՞ն մեծ աշխատավարձերի, պարգևավճարների մասին է խոսքը, մինչ օրս պաշտոնապես չեն մանրամասնել։ Պարզաբանումներ չի տալիս նաև էկոնոմիկայի նախարարը:

ԱՆԻՖ-ում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ քրեական գործ է հարուցված, բայց ոչ մեղադրյալների, ոչ էլ չարաշահումների բնույթի մասին առայժմ չի հաղորդվել: Չնայած ԱՆԻՖ-ը Էկոնոմիկայի նախարարությունից Կադաստրի կոմիտե փոխանցվեց շաբաթներ առաջ, մարտին նշանակված Պապոյանը պնդում է՝ լրագրողների հարցերի հասցեատերն ինքը չէ:

Հինգ տարիների ընթացքում ԱՆԻՖ-ի կատարած ներդրումների ցանկը լայն չէ, բայց այստեղ մի շարք ընկերություններ կան, ի՞նչ է լինելու դրանց ակտիվների հետ. - «ԱՆԻՖ-ում կան բազմաթիվ առողջ ակտիվներ կան, որոնք շարունակելու են գործել և որոնցով նաև հետաքրքրություն կա տարբեր բիզնես միավորների կողմից»:

ԱՆԻՖ-ին են պատկանում Hard Rock Cafe Yerevan-ի բաժնետոմսերի 48 տոկոսը: Սրճարանի համահիմնադիրն ասում է՝ առայժմ հայտնի չէ այդ 48 տոկոսի ճակատագիրը, քննարկումներ են ընթանում։ ԱՆԻՖ-ը ներդրումներ է արել նաև մի շարք այլ նախագծերում։ Ամենախոշորը թերևս ֆոնդի համաֆինանսավորմամբ ստեղծված ու արդեն իսկ լուծարված Fly Arna ավիաընկերությունն է, որը 2 տարի էլ չգործեց։

XS
SM
MD
LG