Մատչելիության հղումներ

Արմեն Գրիգորյանը վաղը կմեկնի Շվեյցարիա՝ Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին


ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա։

Ըստ Գրիգորյանի գրասենյակի՝ ԱԽ քարտուղարը Նիդվալդեն կանտոնում կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովին:

Այցի շրջանականերում Արմեն Գրիգորյանը կմեկնի նաև Ֆրանսիա, Փարիզում նախատեսված են աշխատանքային հանդիպումներ:

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանը նախորդ սեպտեմբերին առաջին անգամ հումանիտար օգնություն ուղարկեց Ուկրաինա։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ուկրաինայի հետ պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Մոսկվան ի գիտություն ընդունեց Երևանի դիրքորոշումը։

Սեպտեմբերի 6-ին Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը Կիևում մասնակցեց «Առաջին տիկնանց և պարոնների երրորդ գագաթնաժողովին», իսկ Մալթայում հոկտեմբերին կայացավ Ուկրաինայում խաղաղության հաստատմանը նվիրված երրորդ համաժողովը, որին մասնակցեցին 65 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ առաջին անգամ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Բեռնն այս գագաթնաժողովին հրավիրել է ավելի քան 160 պատվիրակությունների, այդ թվում՝ «Մեծ 7»-ից, «Մեծ 20»-ից, և ԲՐԻԿՍ-ի երկրներից։ Ըստ շվեյցարական իշխանությունների՝ Ռուսաստանն այդ միջոցառմանը հրավիրված չէ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն արձագանքել էր, թե այս միջոցառումը «ճանապարհ է դեպի ոչ մի տեղ» և որևէ կերպ չի նպաստի խաղաղության հաստատմանը: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ ասել էր, թե առանցքային շատ երկրներ հրաժարվում են մասնակցել Շվեյցարիայում կայանալիք համաժողովին, որն անիմաստ է առանց Ռուսաստանի մասնակցության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG