Մատչելիության հղումներ

Վարչապետն ու ԱՄՆ փոխպետքարտուղարն անդրադարձել են Երևան-Բաքու խաղաղության պայմանագրի քննարկումներին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը այսօրվա հանդիպմանը խոսել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի մասին։

Վարչապետի աշխատակազմի հաղորդմամբ՝ նրանք նաև անդրադարձել են կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա սկզբունքներին, որի վերաբերյալ Բաքուն պաշտոնական դիրքորոշում չի հայտնել մինչև օրս։

Վարչապետը կարևորել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի անցկացումը Երևանում և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի բազմաոլորտ փոխգործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:

Ջեյմս Օ՛Բրայենն էլ շեշտել է, որ նիստն անցկացվել է արդյունավետ՝ ավելացնելով, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ տարբեր ուղղություններով բարեփոխումներն առաջ մղելու նպատակով:

Երևանում Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական երկխոսության նիստի ընթացքում Միացյալ նահանգների փոխպետքարտուղարն ասաց՝ Վաշինգտոնն աջակցում է Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման ջանքերին։

«Մենք աշխատում ենք նաև տնտեսական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով, եթե տևական խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ հնարավորություններն ավելի լայն կլինեն։ Եվ մենք ուրախ ենք այդ ասպարեզում աջակցել ջանքերին», - նշեց Օ՛Բրայենը։

Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական երկխոսության նախորդ նիստը 2022 թվականին Միացյալ Նահանգներում էր անցկացվել։ Կողմերը վերահաստատել էին իրենց հանձնառությունը՝ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG