Մատչելիության հղումներ

Պարույր Հայրիկյանը երեկվանից հացադուլ է հայտարարել


Պարույր Հայրիկյանը Բաղրամյան պողոտայում, 10-ը հունիսի, 2024թ․
Պարույր Հայրիկյանը Բաղրամյան պողոտայում, 10-ը հունիսի, 2024թ․

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը երեկվանից հացադուլ է սկսել։

«Բողոքելով իշխանութեան Հայաստանը ոչ իրավական դարձնելու դեմ հունիսի 10 -ից հացադուլ եմ սկսում», - ֆեյսբուքում գրել է Հայրիկյանը։

Երեկ ավելի ուշ Բաղրամյան պողոտայից ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ Հայրիկյանը հայտարարեց՝ որոշել է նաև իր «բողոքն արտահայտել այն բանի դեմ, որ Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»։

«Ես հացադուլ եմ սկսել՝ բողոքի հացադուլ, և այս կերպ ես նաև իմ անձնական մասնակցությունն եմ բերում ընդհանուր ընդվզմանը։ Այո՛, ցույցերին, քայլերթերին, ելույթներին կմասնակցեմ, ինչպես մասնակցել եմ, էլի կանեմ, բայց զուգահեռաբար այս բողոքի հացադուլով ես լրացուցիչ մեր հայրենակիցների ուշադրությունն եմ հրավիրում մեր պարտականությունների վրա, ոչ թե խնդիրների վրա», - հայտարարեց Հայրիկյանը։

Վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն արդեն երկու օր է փակ է պահում Բաղրամյան պողոտան, վրաններ են տեղադրել այնտեղ և գիշերում են պողոտայում։

Տավուշից մեկ ամիս առաջ Երևան հասած շարժումն անհնազանդության ակցիաներ է իրականացնում, հանդիպումներ ունենում քաղաքական ուժերի, մասնագիտական շրջանակների հետ, հանրահավաքներ անցկացնում ոչ միայն Երևանում, նաև մարզերում:

Նախօրեի հանրահավաքին շարժման առաջնորդը հայտարարեց, թե մտնում են վճռորոշ փուլ և չորս օրվա ընթացքում պետք է հասնեն կառավարության և վարչապետ Փաշինյանի հեռացմանը՝ պատրաստակամություն հայտնելով քննարկել նաև քաղաքական այլ լուծումներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG