Հայաստանից խորհրդարանական պատվիրակություն ուկրաինական Բուչա չի գնացել, հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա ստախոսության մեջ մեղադրեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային, որը ասել էր՝ Ռուսաստանը հայ խորհրդարանականներին կոչ է անում ներկայացնել «Բուչայում իբր սպանվածների ցուցակը, որը նրանց է փոխանցել Կիևը»։
«Ոչ մի պատվիրակություն չի գնացել Հայաստանից, բայց կարող եմ տիկին Զախարովային կամ ԱԳՆ-ին խնդրել, որ իմ լրատվականը կամ իմ օգնականը փոխանցի օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողությունների ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունը: Կարող եմ 100 հազարից ավելի փախստականների անունները փոխանցել, եթե իրենց հետաքրքիր է այն տարածքում, որտեղ խաղաղապահ գործունեություն էին ծավալում», - հավելեց նա։
Նախորդ շաբաթ Ուկրաինայում Հայաստանի դեսպանն ու Երևանի Նոր Նորքի ղեկավարն էին այցելել Բուչա, հումանիտար օգնություն նվիրաբերել։
- ԱԺ նախագահն ավելի վաղ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում ներխուժում էր անվանել և նշել, որ Երևանը «հաստատակամորեն ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»։
- Նրա ելույթի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Հայաստանի խորհրդարանին ուղղված նամակով պարզաբանում էր խնդրել։