Մատչելիության հղումներ

Պայթած գազալցակայանն աշխատել է առանց դրա իրավունքի


Փրկարարները մեկուսացնում են հրդեհը, 7-ը հունիսի, 2024թ.
Փրկարարները մեկուսացնում են հրդեհը, 7-ը հունիսի, 2024թ.

Տուծաժներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է

Կեսգիշերին տեղի ունեցած պայթյունից տուժած յոթ քաղաքացիներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, չորրորդ աստիճանի այրվածքներ են ստացել։

Այրվածաքաբանական կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ առայժմ հնարավոր չէ որևէ կանխատեսում անել՝ այսպիսի ծանր այրվածքների դեպքում օրգանիզմի թունավորումը 5-10-րդ օրն է իր առավելագույն աստիճանին հասնում, պետք է սպասել։

Տեսչականը փետրվարին փակելու որոշում է կայացրել գազալցակայանը

Գազալցակայանն աշխատել է առանց դրա իրավունքն ունենալու։ Հրդեհային անվտանգության տեսչականը դեռ փետրվարին է փակելու որոշում կայացրել՝ փորձաքննություն չանցնելու պատճառով։ Ռիսկերն ու վտանգները հաշվի առնելով՝ լցակայանը կապարակնքվել էր, բայց, ինչպես երեկվա դեպքը ցույց տվեց, դա չէր խանգարել աշխատել, այն դեպքում, երբ շաբաթներ առաջ Կոտայքում փակված մեկ այլ լցակետ ամբողջությամբ ապամոնտաժվել էր։

Ինչո՞ւ է Երևան-Սևան մայրուղու վրա կառուցված լցակայանի նկատմամբ խտրական՝ առավել մեղմ վերաբերմունք եղել։ Ողբերգական պայթյունից ավելի քան 20 ժամ անց Տեսչական մարմինը դեռ լուռ է։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը պնդում է՝ այս դեպքում առաջին ահազանգողը Տեսչական մարմինը պիտի լիներ։

«Երբ տեսչական մարմինը մտել է, տեսել է, ու դրանից հետո այդտեղ դեպք է եղել, դա նշանակում է՝ տեսչական մարմինը բիզնեսի հետ հավասար կրում է դրա պատասխանատվությունը», - ասաց նա։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կա՞պն է պատճառը, որ «Գազ օիլ» ընկերության կետը կանգուն մնաց այնքան, մինչև պայթեց՝ պատասխանը դեռ չկա ։ Պետռեգիստրից տեղեկանում ենք՝ «ԳԱզ օյլի» սեփականատեը Ռաֆայել Այվազյանն է։ Նա ԲՀԿ-ական է, 2018-ին եղել է խորհրդարանական ընտրությունների ցուցակում։

Փրկարարները կեսգիշերին մոտ են ահազանգը ստացել ու ողջ գիշեր պայքարում էին հրդեհի դեմ։ Հեղուկ գազի 37 տոննայանոց ցիստեռն էր պայթել, հայտարարում է Ներքին գործերի նախարարությունն (ՆԳՆ) ու մանրամասնում՝ ընդհանուր ավելի քան 130 տոննա տարողությամբ ցիստեռներից արտահոսք է եղել։ Պայթյունից նաև ավտոմեքենաներ են այրվել, հրդեհը հարակից շինանյութի պահեստ է հասել։

Ո՞րն է պայթյունի պատճառը՝ իրավապահները դեռ չեն հաղորդում։ Քննչական կոմիտեն այս դեպքերին բնորշ հայտարարություն է տարածել, թե «բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկում»։ Անվտանգության կանոնները խախտելու, առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու և երեք այլ հոդվածներով քրեական վարույթ է նախաձեռնվել։

Մինչ իրավապահները քննում են աղետը, տեսչականի վերջին զեկույցներից մեկը վկայում է՝ լցակայանների ճնշող մեծամասնությունը խախտումներով է։ 2022-ին 87 գազալցակայան են ստուգել՝ հայտնաբերելով ավելի քան 550 խախտում։ Պարզվել է՝ 87-ից առանց թերությունների են շահագործվում միայն 6-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG