Մատչելիության հղումներ

ՄԻՊ-ը «մշտապես պատրաստակամ է ընդունելու անձանց, այդ թվում՝ քաղաքական գործընթացների մասնակիցների»


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան, արխիվ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպանը «մշտապես պատրաստակամ է ընդունելու անձանց, այդ թվում՝ քաղաքական գործընթացների մասնակիցների, և քննարկման առարկա դարձնելու մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի ցանկացած հարց, Պաշտպանի լիազորությունների շրջանակում ձեռնարկելու դրանց լուծման համար անհրաժեշտ միջոցներ»: Այս մասին ասված է Պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Անդրադառնալով այսօր ՄԻՊ հաստատության առջև տեղի ունեցած հավաքի ընթացքում բարձրացված հարցերին՝ Պաշտպանը, ըստ հաղորդագրության, ընդգծել է՝ «իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, որ Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է գալիս բացառապես արագ արձագանքման այցեր իրականացնելու առնչությամբ հրապարակային հաղորդագրություններով»։

«Բազմաթիվ են այս ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային հայտարարությունները հավաքների ազատության իրավունքի իրացման ընթացքում իրավունքների ենթադրյալ խախտումների առնչությամբ։

Հատկապես անհասկանալի են կոնկրետ դեպքերին Մարդու իրավունքների պաշտպանի կողմից չանդրադառնալու վերաբերյալ այն պնդումները, որոնք վերաբերում են այնպիսի դեպքերի, երբ Պաշտպանը հանդես է եկել անձանց անունների և դեպքերի արձանագրմամբ հրապարակային հայտարարություններով», - ասված է հաղորդագրությունում:

Պաշտպանը ծավալուն հաղորդագրությունում ընդգծում է, որ հրապարակային հայտարարություններով է հանդես եկել, մասնավորապես, ԱԺ ընդդիմադիր պատգամավորների, նկատմամբ բռնությունների և ցուցարարների դեմ ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքերի առնչությամբ, գրություններ է ուղարկել Ներքին գործերի նախարարություն և Գլխավոր դատախազություն հավաքների մասնակիցներին իրավախախտումներով բերման ենթարկելու բազմաթիվ փաստերի վերաբերյալ:

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը շեշտում է. - «Հավաքի խաղաղ ընթացքի երաշխավորումը ենթադրում է նաև հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանում։ Դա վերաբերում է, այդ թվում՝ հավաքի ընթացքում բռնությունից, բռնության կոչերից, ատելության խոսքի դրսևորումներից զերծ մնալուն, որպիսի դրսևորումները ևս ակնհայտ են և խնդրահարույց»։

Պաշտպանը հայտարարություններ է տարածել նաև լրագրողների մասնագիտական գործունեությանը առերևույթ խոչընդոտելու դեպքերի առնչությամբ՝ կարևորելով լրագրողների անխոչընդոտ մասնագիտական գործունեության երաշխավորումը։ Բոլոր դեպքերը հասցեագրվել են իրավասու պետական մարմիններին, ասված է հաղորդագրությունում:

Մարդու իրավունքների պաշտպանն անդրադառնում է նաև իր գործունեությանը սահմանամերձ բնակավայրերում, այցին Լոռու մարզի աղետի գոտի, իր աշխատանքի մյուս կարևոր ոլորտներին:

Այսօր առավոտյան ՄԻՊ գրասենյակի մոտ էր ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ իր աջակիցների հետ: Պաշտպանի հետ հանդիպումը չստացվեց, ակցիան այստեղ էլ ավարտվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG