Մատչելիության հղումներ

Դա կնշանակի Հայաստանի հարավային սահմանի ադրբեջանա-ռուսական համակարգված զավթում. Թոմ դը Վաալը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին


Թոմ դը Վաալը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ
Թոմ դը Վաալը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Հարավկովկասյան տարածաշրջանի հայտնի փորձագետներից Թոմաս դը Վաալը գտնում է, որ «Զանգեզուրյան միջանցքի» բացումը կարող է լինել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև նոր գործարքի էությունը՝ ռուսական ուժերը Ղարաբաղից դուրս բերելու դիմաց։ Քայլ, որն Ադրբեջանի ղեկավարությանը ներքին մեծ հաղթանակ պարգևեց, և Ադրբեջանը կարող է համաձայնել Ռուսաստանի անվտանգային վերահսկողությանը Հայաստանի հարավով պլանավորած երթուղու վրա։

«Եթե նման պլանն իրականացվի, դա կնշանակի Հայաստանի հարավային սահմանի ադրբեջանա-ռուսական համակարգված զավթում, մղձավանջ ինչպես Հայաստանի, այնպես էլ Արևմուտքի համար։ Հայերը կկորցնեն վերահսկողությունը ռազմավարական կենսական նշանակություն ունեցող սահմանային շրջանի նկատմամբ։ Միացյալ Նահանգներն ու նրա արևմտյան դաշնակիցները կտեսնեն, որ Ռուսաստանը մեծ քայլ է կատարում Իրանի հետ ճանապարհային և երկաթուղային բաղձալի կապը ստեղծելու համար։ Իսկ Հայաստանն ինքնուրույն կարողություններ չունի կանխելու Ռուսաստանի և Ադրբեջանի գործողությունները», - գրել է փորձագետը "Foreign Affairs" հանդեսում հրապարակած «Ռուսաստանի թաքնված խաղը Հարավային Կովկասում» հոդվածում։

Թոմաս դը Վաալը տարածաշրջանային վերջին փոփոխություններում նշում է Ադրբեջանի վերելքը, Վրաստանի շեղումը Արևմուտքից, Հայաստանի օտարացումը Ռուսաստանից ու տարածաշրջանային նոր դասավորություններում Ռուսաստանի փոխվող հավակնությունները՝ առանցքայինը համարելով դեպի Իրան ցամաքային կապի վերակառուցումը:

«Ամենագրավիչ երթուղին, որն Ադրբեջանն անվանում է «Զանգեզուրյան միջանցք», ավտոճանապարհի և երկաթգծի ծրագիրն է, որն Ադրբեջանը կկապի Իրանին և Թուրքիային սահմանակից էքսկլավ Նախիջևանի հետ։ Բացելով 43 կիլոմետրանոց երթուղին՝ Մոսկվան երկաթուղային ուղիղ հաղորդակցություն կունենա Թեհրանի հետ, որն Ուկրաինայում կռվող ռուսական ուժերի համար զենքի կարևոր մատակարարող է է դարձել», - գրում է դը Վաալը՝ հիշեցնելով, որ Հյուսիս-Հարավ առանցքը ըստ էության կվերականգնի այն ճանապարհը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հայտնի էր որպես «Պարսկական միջանցք»։ Իրանից հյուսիս Ադրբեջանի տարածքով Ռուսաստան գնացող ավտոճանապարհ և երկաթուղի, ինչն ապահվում էր ԱՄՆ-ի կողմից Խորհրդային Միությանը տրամադրվող օգնության ոչ պակաս կեսի մատակարարումները։ «Ճակատագրի տարօրինակ շրջադարձով այդ նույն առանցքն այժմ կենսական նշանակություն ունի Մոսկվայի համար ԱՄՆ-ի և Արևմուտքի դեմ ներկայիս պայքարում», - նշում է նա:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանում, Վրաստանում, Հայաստանում տեղի ունեցած վերջին նշանակալից իրադարձություններին և փոփոխություններին՝ Թոմ դը Վաալը նշում է, որ Ռուսաստանի ոչ մի նախկին դաշնակից Մոսկվայի հետ հարաբերությունների այնպիսի դրամատիկ անկում չի ունեցել, որքան Հայաստանը։ Նախկին դարավոր հարաբերությունները փոխվեցին վերջին մի քանի տարիների ընթացքում։ Հայաստանի համար վերջին կաթիլը դարձավ Ռուսաստանի համաձայնությամբ ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի տարածքների գրավումը։

«Քանի որ Կրեմլը ձախողեց անվտանգային պարտավորությունների կատարումը Հայաստանի հանդեպ, Փաշինյանը սկսեց իր երկիրը վճռականորեն շարժել դեպի Արևմուտք», - Թոմ դը Վաալը Հայաստանի իշխանությունների արևմտամետ գործողությունների, որոշումների մի քանի օրինակ է թվարկում, բայց նշում է, որ Հայաստանի շրջադարձը դեպի Արևմուտք ծայրահեղ անբարենպաստ պահի է կատարվում, - «Ադրբեջանը, հաղթանակից ոգևորված ու օգուտներ ստանալով Ռուսաստանի ու Թուրքիայի հետ ամուր կապերից, որևէ նշան չի ցուցաբերում Հայաստանի վրա ճնշումը դադարեցնելու համար»։

«Հայ պաշտոնյաները և փորձագետները երկրի ինքնիշխանությանը ռազմական ուղիղ սպառնալիքների մտահոգություններ են արտահայտում։ Մեկն այն է, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ համակարգված, ռազմական բավականաչափ կարողություններ ունի ցանկության դեպքում մի քանի ժամվա ընթացքում ուժով վերահսկողություն սահմանել «Զանգեզուրի միջանցքի» վրա։ Մյուսը, որ ներքին սրիկա ուժերը դրսի աջակցությամբ կարող են փորձել ուժով տապալել Փաշինյանի կառավարությունը, կամ փողոցային բողոքներ կազմակերպելով ապակայունացնել երկիրը, որպեսզի իշխանության գա ավելի ռուսամետ կառավարարություն», - գրում է փորձագետը:

Թոմ դը Վաալը նշում է, որ այս սպառնալիքները գալիս են դիվանագիտությանը զուգահեռ՝ երկու երկրները շարունակում են բանակցությունները հարաբերությունները կարգավորելու համար, և գտնում է, որ երկու պատմական հակառակորդների՝ պատերազմին վերադառնալուց խուսափելը մեծապես կախված է նրանից, թե արևմտյան հզոր տերությունները, չնայած Ուկրաինայում ստանձնած պարտավորություներին, որքանով են պատրաստ քաղաքական և ֆինանսական ռեսուրսներ ներդնել հայ - ադրբեջանական կարգավորումն ապահովելու համար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG