Պաշտոնական Մոսկվան պնդում է, թե տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը փակուղում է հայտնվել Հայաստանի դիրքորոշման պատճառով:
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, թե Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանի առաջ քաշած պայմաններից, որ տարածաշրջանային հաղորդակցությունները պետք է լինեն հավասարության և փոխադարձության շրջանակներում՝ ելնելով ինքնիշխանության և իրավասության սկզբունքից։
«Թեման ավելի վաղ մանրամասն քննարկվել է նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի գլխավորած աշխատանքային խմբում։ Ցավոք, այդ հարցը մտել է փակուղի մեր հայաստանցի գործընկերների դիրքորոշման պատճառով»», - հայտարարել է Զախարովան՝ առանց հստակեցնելու, թե որն է եղել հայկական կողմի դիրքորոշման պատճառը։
Հունվարին Իլհամ Ալիևը տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում պնդել էր՝ Ադրբեջանից Նախիջևան Ադրբեջանի քաղաքացիներն ու բեռները պետք է անցնեն առանց որևէ ստուգման: Եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի, հայտարարել էր Ադրբեջանի նախագահը: