Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյին:
Երկու բարձրաստիճան դիվանագետները քննարկել են երկկողմ համագործակցությանը և Բաքու-Երևան խաղաղ բանակցություններին առնչվող հարցեր:
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ադրբեջանա-ամերիկյան երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի տարբեր ուղղություններ, ինչպես նաև մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում խաղաղ գործընթացի շուրջ»,- ասվում է Ադրբեջանի արտաքին գերատեսչության հրապարակած հաղորդագրությունում:
Բայրամովը նշել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շփումների ակտիվացման դրական դինամիկան։ Բացի այդ, ԱԳՆ ղեկավարը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի շրջանակներում ձեռք բերված վերջին պայմանավորվածությունների մասին։
«Բայրամովն ընդգծել է, որ մայիսի 10-ից 11-ն Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը վկայում է երկկողմ խաղաղ գործընթացի արդյունավետության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բոնոն, իր հերթին, նշել է, որ վերջին զարգացումները խաղաղ գործընթացի հաջողության հույս են տալիս։ Նա վերահաստատել է, որ Վաշինգտոնը պատրաստակամ է աջակցելու բանակցություններին և նպաստելու խաղաղության գործընթացին։
Կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, ընդգծում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։