Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքը, հաղորդում է «Ազատության» «Էխո Կավկազա»-ն։
Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում ստորագրումից անմիջապես հետո, իսկ անցումային դրույթներն ուժի մեջ կմտնեն 60 օրվա ընթացքում:
Վրաստանի խորհրդարանը մայիսի 28-ի լիագումար նիստին հաղթահարեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած վետոն։ Վետոն հաղթահարելու օգտին կողմ քվեարկեց 84 պատգամավոր, դեմ՝ 4-ը։ Սա նշանակում էր, որ Զուրաբիշվիլին պարտավոր էր հինգ օրվա ընթացքում վավերացնել օրինագիծը, սակայն վերստին հրաժարվելու դեպքում օրինագիծն ուժի մեջ է մտնում խորհրդարանի խոսնակի ստորագրությամբ:
Չնայած բողոքի բազմահազարանոց ակցիաներին և Թբիլիսիի միջազգային գործընկերների կոշտ քննադատությանն ու նախազգուշացումներին՝ մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանն երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքը։
Այս օրենքով ավելի քան 20 տոկոսով դրսից ֆինանսավորվող ՀԿ-ները և այլ միություններ պարտավոր են գրանցվել որպես «օտար գործակալներ»: Եթե կազմակերպությունը հրաժարվի գրանցվելուց, իսկ շատերն արդեն ասել են, որ կհրաժարվեն, ապա Արդարադատության նախարարությունը կսկսի ստուգումներ անցկացնել և կսահմանվեն խոշոր տուգանքներ:
Վրաստանի ընդդիմությունն ընդգծում է, որ հենց նման օրենքով են Ռուսաստանում սահմանափակել անկախ ՀԿ-ների և մամուլի գործունեությունը:
2023 թվականի գարնանը այս նույն օրենքն ընդունելու՝ «Վրացական երազանքի» փորձը բախվեց հանրային լուրջ դժգոհությունների և եվրոպական կառույցների կոշտ քննադատությանը։ Մի քանի օր շարունակված փողոցային բախումներից հետո իշխող կուսակցությունը ստիպված էր շրջանառությունից հանել այս օրինագիծը։