Մատչելիության հղումներ

Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին ամերիկյան զենքով ՌԴ տարածքի թիրախներին հարվածելու թույլտվության համար


Օսթին-Զելենսկի հանդիպում Սինգապուրում, 2-ը հունիսի, 2024թ․
Օսթին-Զելենսկի հանդիպում Սինգապուրում, 2-ը հունիսի, 2024թ․

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ Սինգապուրում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։

Հանդիպումից հետո Զելենսկին հայտարարել է, որ Պենտագոնի ղեկավարի հետ քննարկել են Կիևի պաշտպանական կարիքները, ուկրաինական հակաօդային պաշտպանության ամրապնդմանը, F-16 կործանիչների մատակարարմանը, ինչպես նաև անվտանգության երկկողմ համաձայնագրի նախապատրաստմանը վերաբերող հարցեր։

Ուկրաինայի առաջնորդը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելու թույլտվության համար: Ըստ Ուկրաինայի նախագահի՝ հարվածների նպատակը ռուսական զորքերին դիմակայելն է, որոնք փորձում են ընդլայնել մարտական գոտին։

Մայիսի վերջին ամերիկյան լրատվամիջոցները հաղորդեցին, որ Բայդենն «անաղմուկ լիազորել է Կիևին» Նահանգների մատակարարած զենքերով հարվածել Ռուսաստանի ներսում գտնվող ռազմական օբյեկտներին։

Ավելի ուշ Պենտագոնը հաստատեց, որ Կիևը կարող է դրանք օգտագործել Խարկովի մարզի սահմանի մոտ գտնվող թիրախներին հարվածելու համար։ Միաժամանակ, շարունակում է արգելված մնալ հեռահար ATACMS հրթիռների կիրառումը։

Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունը դաշնակիցներին հորդորել էր թույլ տալ, որ բանակն արևմտյան զենքն օգտագործի նաև Ռուսաստանի տարածքում ռազմական թիրախներին հարվածելու համար։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Եվրամիության արտգործնախարարն ու մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հայտարարել են, որ Կիևը նման հարվածների իրավունք ունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG