Մատչելիության հղումներ

Դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ այցելել են աղետի գոտի


Դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ավելի քան 40 ներկայացուցիչներ այսօր այցելել են աղետի գոտի։ Նրանք եղան Ալավերդի քաղաքի տարբեր մասերում և շարունակեցին իրենց ճանապարհը դեպի Տավուշի մարզ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը դեսպաններին ներկայացրել է աղետից վնասված թաղամասերը, վնասների չափը, թե ինչ խնդիրների առաջ են կանգնել համայնքները։ Նախարարն անդրադարձավ մեկուսացած հատվածներին, նաև թե ինչ վնասներ են կրել գետամերձ տարածքներում գործունեություն իրականացնող գործարարները։

Նրանք եղան նաև Ալավերդի քաղաքի կենտրոնում գործող Հունական բժշկական կենտրոնում, որն ամբողջովին վնասվել է: Այն հիմնադրվել է Հունաստանի կառավարության ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցներով, տնօրեն Սիմոն Զախարովն ասաց, որ որևէ սարքավորում փրկել իրենց չի հաջողվել, ջուրը մինչև 2 մետր բարձրությամբ լցվել է տարածք ու միայն 2-3 օր հետո է հնարավոր եղել մուտք գործել այնտեղ: Հունաստանի դեսպանը, պատասխանելով «Ազատության» հարցին, ասաց, որ իրենց կառավարությունը կաջակցի կենտրոնի վերականգնման հարցում:

Կանադայի դեսպանը ևս նշեց, որ իրենց կառավարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին աղետի հետևանքների վերացման գործում:

Ավելի վաղ նրանք այցելել էին Սանահին կայարան թաղամաս, որը ամենաշատն է հեղեղվել։ Գնել Սանոսյանն ասաց, որ ողողված շենքերը սեյսմակայունության խնդիր կարող են ունենալ։ Նախարարի խոսքով՝ տարածքների մաքրման աշխատանքներից հետո այստեղ մասնագետներ կաշխատեն՝ գնահատելու այդ շենքերի սեյսմակայունությունը, այսինքն, հասկանալու՝ դրանք բնակելի են, թե՝ ոչ։

Լոռու և Տավուշի մարզերի շուրջ 9 բնակավայր Կառավարությունն աղետի գոտի է ճանաչել։ Տարածքային կառավարման նախարարը երեկ ասել է՝ գրեթե բոլոր գերատեսչությունները պետք է միավորվեն, նաև միջազգային ընկերությունների աջակցությանը պետք է դիմել, որ աղետի հետևանքները փորձեն վերացնել։

Կիրակի օրը Դեբեդի վարարման հետևանքով հեղեղումները մեծ ավերածությունների պատճառ են դարձել երկու մարզերում։ Լոռու մի շարք գյուղերում և քաղաքներում արտակարգ իրավիճակ ստեղծվեց։ Փլուզվել են ճանապարհեր, այդ թվում՝ դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը։ Քանդվել են կամուրջներ, տները լցվել են ջրով։ Հաղորդվել է 4 զոհի մասին։

141 մարդ դեռ մնացել է գետի մյուս ափին՝ Ալավերդիի Սանահին թաղամասում։ Սնունդն ու անհրաժեշտ իրերը փրկարարները դեռ շարունակում են ճոպաններով հասցնել։ Այդ գոտուց 443 մարդու են տարհանել:

XS
SM
MD
LG