Մատչելիության հղումներ

Բաքուն ցանկանում է 5 մլրդ դոլարի վարկ վերցնել խոշոր նախագծերի համար, այդ թվում՝ Արցախում


Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆով, արխիվ
Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆով, արխիվ

Ադրբեջանը ցանկանում է 5 միլիարդ դոլարի վարկ վերցնել միջազգային վարկային կազմակերպություններից առաջիկա տարիներին խոշոր ենթակառուցվածքային նախագծերի համար, այդ թվում՝ սեպտեմբերյան ռազմական հարձակման ընթացքում իր վերահսկողության տակ անցած՝ նախկինում հայերով բնակեցված տարածքներում, հաղորդում է Reuters-ը։

«Մեր առջև շատ մեծ խնդիրներ են ծառացած», - Reuters-ի հետ զրույցում ասել է Ադրեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը։ Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով` խնդիրները մասնավորապես կապված են Ղարաբաղի վերակառուցման և վերականգնման հետ, «ինչը նաև կխթանի երկրի տնտեսական աճը»:

Գործակալությունը հիշեցնում է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունները շարունակվում են՝ այդ թվում երկու երկրների միջև շուրջ 1000 կմ սահմանի սահմանազատման շուրջ, «որը շարունակում է փակ մնալ և խիստ ռազմականացված»:

«Տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում կան մի շարք խոշոր նախագծեր, որոնք կարող են ֆինանսավորվել փոխառու ռեսուրսների ներգրավման միջոցով», - ասել է Ադրբեջանի ֆինանսների նախարարը՝ առանց հստակեցնելու, թե որ երթուղիների մասին է խոսքը: «Ընդհանուր առմամբ, խոսքը 5 մլրդ դոլարի հավելյալ փոխառության մասին է», - նշել է Շարիֆովը:

Ադրբեջանի պետական պարտքը 2024 թվականի սկզբին կազմել է 6,1 միլիարդ դոլար: Շարիֆովի փոխանցմամբ՝ Բաքուն պատրաստ է մինչև տարեվերջ մարել 1.4 միլիարդ դոլարը, ինչից հետո պետական պարտքը հասցնել 10 միլիարդ դոլարի։

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ Բաքուն ակնկալում է այդ միջոցները ստանալ առաջիկա 4-5 տարվա ընթացքում։ Ըստ Շարիֆովի՝ ֆինանսավորման հնարավոր աղբյուրներ կարող են լինել Համաշխարհային բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկը և Իսլամական զարգացման բանկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG