Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, որ մայիսի 25-ին ձերբակալվել էր խարդախության գործով, այսօր կալանավորվեց։ Դատարանը որոշել է նրան կալանավորել 20 օրով, ինչն արտառոց է նրա պաշտպանի համար։ Ռուբեն Մելիքյանն ասում է՝ իր փաստաբանական պրակտիկայում նման բան չէր լսել։
Ըստ Քննչականի՝ Սարգսյանը երեք այլ անձանց հետ խոշոր չափերով խարդախություն է արել, կեղծ փաստաթղթեր պատրաստել։ Ստեփանակերտ համայնքին պատկանող 4 ավտոմեքենաները՝ երկու «Վազ-21», մի «Տոյոտա» ու մի «ՈՒԱԶ», որ ավելի քան 19 միլիոն արժեն, բերել են Հայաստան և այլ անձանց՝ հարազատների ու ծանոթների անուններով անվանափոխել ու օտարել։ Այդ ի՞նչ կեղծիք ու խարդախություն է եղել, որ տուժող չկա, հարցնում է նրա փաստաբանը։
«Ի տարբերություն շատ ուրիշ հանցակազմերի՝ այստեղ տուժողն ավելի քան պարզ պետք է լինի», - նշեց նա։
Դավիթ Սարգսյանից բացի, վերջին օրերին իրավապահների թիրախում են նաև Ասկերանի քաղաքապետն ու Մարտունու համայնքապետը։ Ըստ Քննչականի՝ մեկը համայնքի «Նիվա»-ն հափշտակելու համար է տնային կալանքի տակ, Մարտակերտինը կալանավորված է «Շևրոլե»-ի համար։
Արցախցի նախկին համայնքապետերը անազատության մեջ հայտնվեցին վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը կասկած չունի՝ սա քաղաքական հետապնդում է, իրավապահները հերքում են։
«Վստահ եմ, որ այս գործերը քաղաքական են, և փաթեթավորումը, թե ինչպես են ներկայացնում, և այն փաստական իրավական հիմքերը, որ ՔԿ-ն ներկայացնում է, և ժամանակահատվածը, և անձինք՝ ում դեմ են հարուցում», - ընդգծեց նա։
Մեքենաների գործարքները եղել են տարեսկզբին՝ Արցախի մեծ տեղահանումից մի քանի ամիս անց։ Բեգլարյանի պնդմամբ՝ համայնքապետերը որևէ փաստաթուղթ չեն կեղծել։ Նա մեղադրում է Հայաստանի պաշտոնյաներին, այդ լուծումը այստեղ են առաջարկել։ Ըստ նրա՝ ոստիկանությունը Արցախի մեքենաները այստեղ հաշվառելու համար պահանջել է, որ կոնկրետ անձանց անունով գրանցեն և ուղղորդել, որ այդ անվանափոխությունը կարող է անել համայնքների ավագանին, այդ համայնքների ավագանիների որոշումներն էլ հիմք ընդունելով՝ գործարքն արել են։
Կա՞ն կոնկրետ ապացույցներ, որ Հայաստանից են այդ լուծումը առաջարկել տեղահանված համայնքապետերին. Արտակ Բեգլարյանն անձամբ այսպիսի հարցի չի առնչվել, լսել է, որ այսպիսի խորհուրդներ են տվել։
«Բացի խորհուրդ տալուց, հաշվի առեք, որ ոստիկանությունը դա ընդունել է, հիմք է ընդունել, հաշվառել է տվյալ անձանց անունով», - ասաց նա։
Պարզե՞լ են ոստիկանության որ պաշտոնյաներն են նման լուծում առաջարկել, Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն ուղիղ չպատասխանեց, փոխանցեց, որ քննությամբ կպարզվեն բոլոր հանգամանքները։
Արցախի նախկին պաշտոնյան զարմացած է՝ ի՞նչ իրավական հիմքով են Հայաստանում Արցախի համայնքային գույքի վերաբերյալ վարույթներ հարուցել։ Քննչական կոմիտեից հակադարձում են՝ Հայաստանում բնակվող անձանց կողմից առերևույթ կատարված հանցավոր արարքների վերաբերյալ է քրեական վարույթը։ Արտակ Բեգլարյանի տպավորությամբ՝ այս քրեական գործերը հարուցվել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շարժմանն աջակցող արցախցիներին վախեցնելու նպատակով։