ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը մայիսի 24-ին որոշեց, որ Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները Ռաֆահ քաղաքում և ցանկացած այլ գործողություններ, որոնք կարող են հանգեցնել պաղեստինցի խմբերի ամբողջովին կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, և անհապաղ քայլեր կատարի տարածաշրջանում հումանիտար ճգնաժամը լուծելու ուղղությամբ։
Ընթերցելով ընդունված որոշումը՝ դատարանի նախագահ Նավաֆ Սալամը հայտարարեց, որ հումանիտար միջոցները պետք է ներառեն նաև Ռաֆահի ու Եգիպտոսի միջև սահմանային անցակետի բացումը՝ օգնությունը Գազայի հատված հասցնելու համար։
Դատարանը հրատապության կարգով հարցը քննարկել և որոշում է ընդունել Հարավաֆրիկյան Հանրապետության փաստաբանների դիմումի հիման վրա։
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումները վերջնական են և պարտադիր, սակայն ընդունված որոշումները անտեսելու դեպքեր կան, մասնավորապես Լաչինի միջանցքը բացելու անցած տարվա փետրվարին ընդունված և հուլիսին վերահաստատված դատարանի որոշումը Ադրբեջանը չէր կատարել։